Ռուսները հայտարարում են, թե գրավել են Սոլեդարը, ուկրաինացիները հերքում են

Մի քանի օր է արդեն ռուսական կողմը, ի դեմս Վագներ ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի, հայտարարում է, թե ամբողջությամբ գրավել է Սոլիդար քաղաքը, իսկ ուկրաինական կողմը հերքում է ռուսների պնդումները՝ հայտարարելով, որ քաղաքում մարտերը շարունակվում են։

Պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարի խոսքով, ուկրաինացիները չեն նահանջել․ - «Մեր պաշտպանները շարունակում են իրենց դիրքերը պահել ամենադժվար առաջնագծում՝ Դոնբասի համար մղվող մարտում։ Այսօր Բախմուտի ուղղությամբ, Սոլեդար քաղաքի շրջանում, շարունակվում են կատաղի ու ծանր մարտերը։ Ուկրաինացի զինվորները խիզախ կռվում են»։

Ուկրաինական Զինված ուժերի գլխավոր շտաբն առավոտյան հայտնել է, որ «Սոլեդարի տարածքում ուկրաինական զորքերը հրետանային, հրթիռային և ականանետային հարվածներ են հասցնում ռուսական ուժերին, որոնք «մեծ կորուստներ են կրում»։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի վերլուծաբանները գրում են, որ ռուսական զորքերը հասել են Սոլեդարի արևմտյան հատված, սակայն փաստական ապացույցներ, որ ամբողջ քաղաքը գրավված է, չկան։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան իր ուղերձում քարոզչական սուտ է որակել Սոլիդարը գրավելու մասին ռուսների պնդումները. - «Այժմ ահաբեկչական պետությունը և նրա քարոզիչները փորձում են ձևացնել, թե Սոլեդար քաղաքի մի մասը գրավել են: Նրանք դա ներկայացնում են իրենց հասարակությանը՝ զորահավաքին աջակցելու և ագրեսիայի կողմնակիցներին հույս տալու համար: Բայց մարտերը շարունակվում են: Եվ մենք ամեն ինչ անում ենք Ուկրաինայի պաշտպանությունն ուժեղացնելու համար»։

Միևնույն ժամանակ, Վագներ մասնավոր ռազմական կազմավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը երեկ երեկոյան կրկին ասել է, թե Սոլեդարն ամբողջությամբ գտնվում է իր վարձակնների վերահսկողության տակ։

Ավելի վաղ նույն Պրիգոժինը հայտարարել էր, թե Սոլիդարը գրոհում են բացառապես Վագների ստորաբաժանումները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությւոնը հերքել է սա՝ հայտարարելով, որ քաղաքը գրոհում են բանակի դեսանտային ուժերը։

Քաղաքի ամբողջական գրավման մասին հստակ տեղեկություն չունի նաև Պենտագոնը։ Այս մասին երեկ երեկոյան հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը. - «Նախ, թույլ տվեք սկսել Սոլեդարի մասին հարցից, թե արդյոք ռուսները վեցրել են այն: Առայժմ մենք չենք կարող հաստատել այս տեղեկությունը»։

Օսթինը հավելել է, թե այնտեղ «շատ դինամիկ» մարտեր են ընթանում և իրավիճակն ամեն պահ փոխվում է։

Եթե ռուսները այնուամենայնիվ վերցնեն Սոլիդարը, դա կլինի առաջին համեմատաբար խոշոր բնակավայրը, որը անցած ամռանը Լիսիչանսկի գրավումից հետո անցել է ռուսական վերահսկողության տակ։

Շատ ռազմական վերլուծաբաններ նշում են, որ Սոլեդարն ինքնին ռազմավարական նշանակություն չունի, սակայն գրեթե ամբողջությամբ ավերված քաղաքի վերահսկողությունը կարող է հեշտացնել Բախմուտի գրավումը, որի համար ռուսները պայքարում են ամիսներ շարունակ: Ամեն դեպքում, արևմտյան ռազմական փորձագետների կարծիքով, ուկրաինական ճակատը ճեղքելու մասին խոսք չկա, քանի որ Դոնեցկի մարզում Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքների ուղղությամբ ուկրաինացիներն ունեն ամուր պաշտպանական գիծ։

Մարտերը Սոլեդարի համար այսօր թեժ են, կողմերից ոչ մեկը չի ուզում զիջել իր դիրքերը։

Ուկրաինայի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Օլեքսի Գրոմովի խոսքով, եթե ռուսական զորքերին հաջողվի ամբողջությամբ վերահսկել Ուկրաինայի Դոնեցկի մարզը, նրանց հաջորդ քայլը կլինի Զապորոժիեն գրավելու փորձը;

Ուկրաինայաի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի կարծիքով, առաջիկա շաբաթները վճրորոշ են լինելու ուկրաինական ուժերի համար. - «Մեզ համար երկու-երեք ամիսը դժվար և որոշիչ է լինելու։ Ռուսաստանը պետք է գնա ճեղքման։ Մոսկվան չի կարող անվերջ ձգձգել պատերազմը, քանի որ Ռուսաստանի ներսում բարդ իրավիճակ է, խնդիրներ են կուտակվում»։

Դանիլովը պնդում է, թե մինչև փետրվարի 24-ը ռուսներն ուզում են որոշակի ձեռքբերումներ արձանագրել ճակատում՝ պատերազմի մեկ տարին հաջողություններով նշելու համար։