Ուկրաինայում ամենաթեժ ճակատն այսօր Դոնեցկի մարզի Բախմուտի շրջանում է, ավելի կոնկրետ՝ Սոլեդար քաղաքում, որի գրավման մասին երեկվանից իրարամերժ տեղեկություններ են ստացվում։
Քաղաքից գրեթե ոչինչ չի մնացել, պատմել են գնդակոծության տակ Սոլեդարը լքած բնակիչները։
«Ոչ մի կանգուն տուն չի մնացել, լրիվ կամ մասամբ այրվել են կամ փլուզվել։ Մայիսից հանգիստ էր, կարող էինք փողոցով քայլել, բայց այս վերջին շաբաթվա ընթացքում դուրս չենք եկել, որովհետև զինվորները ավտոմատով այս ու այն կողմ են վազում, գոռում են», - պատմել է բնակիչներից Օլգան։
Սոլեդարը 10 կմ է հեռու Բախմուտից, որը ռուսական ուժերը արդեն մի քանի ամիս է փորձում են գրավել։
Ռուսական կողմն այսօր հաստատել է, որ մարտերը Սոլեդարի տարածքում դեռ շարունակվում են, ռազմական գործողությունները տեղափոխվել են քաղաքի արևմտյան հատվածը։ Այսպես կոչված Դոնեցկի Ժողովրդավարական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինն ասել է, թե մոտ են քաղաքն ազատագրելուն։
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ևս հաստատել է, որ Սոլեդարի արևմտյան ծայրամասում ծանր, արյունալի մարտեր են ընթանում, իսկ Ուկրաինայի զինված ուժերը պատվով պաշտպանում են տարածքը։ Նա հերքել է ռուսական Թելեգրամ ալիքներում տարածված տեղեկությունը, թե ուկրաինացի զինվորականները փախչում են Սոլեդարից։
Երեկ նույն «Վագները» տեսանյութ էր հրապարակել, որով պնդել էր, թե իր վարձկաններն արդեն Սոլեդարի կենտրոնում են։ Պաշտոնական Կիևն այս տեղեկությունը չի հաստատել, սակայն ուկրաինացի ռազմական լրագրող Յուրի Բուտուսովը Թելեգրամի իր ալիքում դեռ երեկ երեկոյան գրել էր, որ ռուսական ուժերը մտել են քաղաքի տարածք ու փորձում են առաջ շարժվել։
Բուտուսովի խոսքով, ռուսները մեծ կորուստներ ունեն Սոլեդարում. - «Մարտերը յուրաքանչյուր շենքի համար են։ Նման հարձակման պայմաններում հակառակորդը լուրջ կորուստներ ունի։ Սպանվածների մեծ մասը Վագների վարձականներն են»։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս երեկ երեկոյան ընդունել է, որ տեղում իրավիճակը շատ լուրջ է, բայց միաժամանակ պնդել է, որ Սոլեդարում ուկրաինական բանակը լրացուցիչ ժամանակ է շահել. - «Շատ դժվար է։ Մեր զինվորների հաստատակամության շնորհիվ այնտեղ՝ Սոլեդարում, մենք շահեցինք Ուկրաինայի համար լրացուցիչ ժամանակ և լրացուցիչ ուժեր: Իսկ ի՞նչ էր ուզում հաղթել Ռուսաստանն այնտեղ, ամեն ինչ ամբողջովին ավերված է, կյանք գրեթե չի մնացել: Եվ նրանց հազարավոր մարդիկ սպանվել են։ Սոլեդարի տակ գտնվող ողջ հողը ծածկված է զավթիչների դիակներով»։
Բրիտանական հետախուզության տվյալներով, անցած չորս օրերի ընթացքում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկանները մարտավարական հաջողություններ են գրանցել Սոլեդարի շրջանում և հավանաբար վերահսկում են քաղաքի մեծ մասը:
Այդուամենայնիվ, ռազմական փորձագետների գնահատմամբ, չնայած Բախմուտի ուղղությամբ սաստկացած հարձակմանը, Ռուսաստանը դժվար թե շուտով կարողանա շրջափակել քաղաքը, քանի որ ուկրաինական ուժերն ունեն կայուն պաշտպանական գիծ և վերահսկում են մատակարարման ուղիները:
Եթե ռուսների հաջողվի գրավել Սոլեդարը, սա կլինի Մոսկվայի լուրջ ձեռքբերումը ճակատում երկար ամիսների անհաջողություններից հետո։ Ամեն դեպքում, մարտերն ընթանում են ոչ միայն Բախմուտի ուղղությամբ, այլ ռազմաճակատի մյուս հատվածներում ևս, իսկ Արևմուտքը հայտարարում է, որ այս պայմաններում շարունակելու է աջակցել Կիևին։
Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն, ներառյալ «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաներ և հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելով՝ Միացյալ Նահանգները ձգտում է փոխել Ուկրաինայում ռազմական գործողությունների ներկայիս դինամիկան, հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, իր հերթին, կրկին ասել է, թե Վաշինգտոնը չի պատրաստվում 2023 թվականին կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնության չափը։ Ավելին՝ Սալիվանը հիշեցրել է, որ 2023-ին Ուկրաինան մոտ 45 միլիարդ դոլարի օգնություն կստանա։