Մատչելիության հղումներ

Ըստ «Վագների» հիմնադրի՝ ռուսները վերահսկում են Սոլեդարի մեծ մասը, ուկրաինական կողմը պնդում է՝ քաղաքը կիսագրավված է


Ռուսական զորամիավորումները մի քանի շաբաթ տևած ակտիվ մարտերից հետո վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սոլեդար քաղաքի գրեթե ողջ տարածքը։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը՝ վկայակոչելով աղբյուրները։

Ռուսական տելեգրամյան ալիքները գրում են նաև, որ քաղաքի կենտրոնը գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Նույնը հունվարի 10-ի երեկոյան հայտարարել է Ռուսաստանի կողմից նշանակված այսպես կոչված «ԴԺՀ»-ի ղեկավար Դենիս Պուշիլինը։

«Օրվա վերջում հակառակորդը շարունակում է լուրջ կորուստներ կրել ինչպես կենդանի ուժով, այնպես էլ տեխնիկայով, բայց միևնույն ժամանակ շարունակում է դիմադրել», - ասել է Դենիս Պուշիլինը։

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի անունից հայտարարություն է տարածվել նաև այն մասին, որ մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումները «հսկողության տակ են վերցրել Սոլեդարի ողջ տարածքը», իսկ քաղաքի կենտրոնում մարտերը շարունակվում են։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, իր հերթին, պնդում է, որ քաղաքը «կիսագրավված» է՝ արևելյան ծայրամասերը գրավված են ռուսական զորքերի կողմից, արևմտյան և հյուսիսայինները վերահսկում են ուկրաինացիները։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ռուս զինվորները հարձակում են իրականացնում՝ չնայած մեծ կորուստներին։ Պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել է, որ ուկրաինական բանակը շարունակում է պաշտպանել քաղաքը։

XS
SM
MD
LG