Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան այսօր առաջին անգամ հանդիպել է կառավարության անդամների հետ։
Նախօրեին անվտանգության դաշնային ուժերին նա հրամայել էր ներգրավել երկրի մայրաքաղաքում կարգուկանոնի վերականգնմանը։ Անվտանգության ուժերի միջամտությունը շարունակվելու է մինչև հունվարի 31-ը։ Նա այս մասին հայտարարել էր մայրաքաղաքում բռնկված անկարգություններից ժամեր անց, երբ նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի աջակիցները ներխուժեցին նախագահական պալատ, կոնգրեսի ու գերագույն դատարանի շենքեր։
Նա մեղադրել է նախկին նախագահին և դժգոհել մայրաքաղաքի անվտանգությունը ապահովելու մակարդակից, ասելով թե իշխանությունները ֆաշիստներին և ֆանատիկներին թույլ են տվել քաոս ստեղծել։
Երեկ տեղական ժամանակով 18։30-ի սահմաններում անվտանգության ուժերը ազատել են կառավարական շենքերը, ավելի քան 300 մարդ է ձերբակալվել, ոստիկանությունը քանդել է ցուցարարների վրանները։
Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան նախագահի պաշտոնը ստանձնել է այս տարվա սկզբին։
Անցած հոկտեմբերին կայացած ընտրություններում նա հաղթել էր Ժաիր Բոլսոնարուին։
Սա Լուլայի նախագահության 3-րդ ժամկետն է՝ նա երկրի ղեկավար է եղել նաև 2003-2010 թվականներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրազիլիայի նախագահը հրամայել է դաշնային ուժերին ներգրավել մայրաքաղաքում կարգուկանոնի վերականգնմանը