Մատչելիության հղումներ

Բրազիլիայի նախագահը հրամայել է դաշնային ուժերին ներգրավել մայրաքաղաքում կարգուկանոնի վերականգնմանը


Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հրամայել է դաշնային ուժերին ներգրավել երկրի մայրաքաղաքում կարգուկանոնի վերականգնմանը, որտեղ ցուցարարները ներխուժել են մի շարք կառավարական շենքեր։

Globu հեռուստաալիքի փոխանցմամբ՝ դաշնային ուժերի կիրառման մասին հրամանը կգործի մինչև հունվարի 31-ը։

«Գործողության նպատակն է վերջ տալ մայրաքաղաքի դաշնային շրջանում հասարակական կարգի խախտմանը, որն ուղեկցվում է պետական սեփականություն հանդիսացող շենքերի զավթմամբ»,- մեջբերում է նախագահի հրամանագրից հատվածներ։

Բացի այդ, պետության ղեկավարը խոստացել է, որ խստագույնս կպատժի անկարգությունների մասնակիցներին։

Նա նաև քննադատել է ոստիկանության գործողությունները՝ համարելով, որ խոսքը «կամ անգործունակության, կամ չարամիտ դիտավորության մասին է»։

Առնվազն 400 մարդ է ձերբակալվել անկարգություններին մասնակցելու համար, հայտարարել է երկրի դաշնային շրջանի նահանգապետ Իբանեյս Ռոշան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի հազարավոր կողմնակիցներ կիրակի օրը ներխուժել են խորհրդարան, գերագույն դատարան և պետության ղեկավարի նստավայր։

Ցուցարարները ճեղքել են մայրաքաղաքում իրար մոտ գտնվող կառավարական շենքերի շուրջ ոստիկանական շղթան։ Միաժամանակ, ինչպես նշում է Globu պորտալը, որոշ ոստիկաններ հանգիստ են արձագանքել տեղի ունեցողին և նույնիսկ լուսանկարվել ցուցարարների հետ։

Զոհերի կամ լուրջ բախումների մասին տեղեկություններ չկան։ Նախագահն ինքը անկարգությունների ժամանակ մայրաքաղաքում չի եղել։

Բոլսոնարոյի կողմնակիցները չեն ճանաչում նրա պարտությունը նախորդ տարվա ընտրություններում և պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով նախկին նախագահի վերադարձը իշխանության։

Հունվարի սկզբին Բրազիլիայում տեղի ունեցավ նոր նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի երդմնակալության արարողությունը։ Բոլսոնարոն չի մասնակցել արարողությանը, քանի որ լքել է երկիրը։

Ավելի ուշ հաղորդվեց, որ Բրազիլիայի ոստիկանությունն ազատագրել է Պլանալտոյի նախագահական պալատը, ինչպես նաև Ազգային Կոնգրեսի և երկրի Գերագույն դատարանի շենքերը, որոնք գրավել են նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի ցուցարարների կողմնակիցները, հայտնում է CNN Brasil-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG