Կիևը նախազգուշացնում է՝ պատերազմը Ուկրաինայից կարող է Ռուսաստանի տարածք տեղափոխվել, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։ «Կիև փոստի» հետ զրույցում ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է. «Եթե անհրաժեշտություն լինի հայտնվելու այնտեղ, որտեղ պետք է պաշտպանել Ուկրաինան, ուրեմն կհայտնվենք»:
Մոսկվան առայժմ չի արձագանքել այս հայտարարություններին, մինչ այդ ուկրաինական պատերազմը երեկ հարևան Բելառուս էր հասել։
Պաշտոնական Մինսկի հաղորդմամբ՝ երկրի օդային տարածքում բելառուսական ՀՕՊ-ի կողմից խոցվել և վայր է ընկել S-300 տեսակի հրթիռ, որը, ըստ բելառուսների, արձակել է ուկրաինական զինուժը․ «Ոչ միտումնավոր, սխալ կառավարման հետևանք կամ նպատակաուղղված սադրանք», - Բելառուսի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար Կիրիլ Կազանցևի խոսքերով՝ Մինսկը այս երկու վարկածն է դիտարկում։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքում է երկու տարբերակն էլ՝ պնդելով, որ հրթիռն արձակել է Ռուսաստանը՝ նպատակ ունենալով սադրել Բելառուսին։
Մոսկվան, մինչդեռ, հայտարարում է, թե ծայրաստիճան մտահոգված է տեղի ունեցածով և մշտական կապի մեջ է դաշնակից Բելառուսի պաշտոնյաների հետ, լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինային ռազմական աջակցությունը խաղաղության կարճ ճանապարհն է․ ՍտոլտենբերգՄիջադեպը տեղի է ունենում ռուս-ուկրաինական պատերազմին Բելառուսի միանալու հնարավորության մասին ենթադրությունների ֆոնին։ Կիևն ու արևմտյան մի շարք երկրների պաշտոնյաներ պնդում են, որ Ռուսաստանը ռազմական ներխուժումից ի վեր շարունակաբար օգտագործում է Բելառուսի տարածքը Ուկրաինային հարվածներ հասցնելու համար, և չի բացառվում, որ ինչ-որ փուլում բելառուսական բանակը ներքաշվի պատերազմում։
Առայժմ սեփական ուժերով Ռուսաստանը Ուկրաինայի դեմ հարձակման կամ հակահարձակման փորձեր է ձեռնարկում ռազմաճակատի հիմնական երկու ուղղություններով՝ ռուսները փորձում են ճեղքել Բախմուտի մոտ ուկրաինական պաշտպանությունը, ուկրաինական ուժերի գործողություններն էլ կենտրոնացած են Կրեմեննոյի տարածքից ռուսական բանակին դուրս մղելու վրա։ Անկախ ռազմական փորձագետները մարտի դաշտում տիրող իրավիճակը նկարագրում են ծայրաստիճան լարված։ Բախմուտը կարևոր տրանսպորտային հանգույց է, որը միացնում է մի շարք ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհներ, այդ թվում՝ դեպի Լուգանսկ տանող մայրուղին։ Կրեմեննոյն էլ ռուսական կողմի համար կարևոր հենակետ է Դոնբասի գրավման ճանապարհին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարվածային դրոնների հարձակումը Կիևի և շրջանի վրա նպատակին չի հասելՌազմի ճակատում ծանր մարտերին զուգահեռ Ռուսաստանը շարունակում է օդային հարվածները ուկրաինական բնակավայրերին, ինչպես Կիևն է պնդում՝ նպատակ ունենալով շարքից հանել կենսական նշանակության ենթակառուցվածքները։ Նախօրեի ռմբակոծությունները շարունակվել են նաև գիշերային ժամերին և այսօր:
Ուկրաինայի ռազմական գերատեսչության տվյալներով՝ անցած գիշեր միայն մայրաքաղաք Կիևի ուղղությամբ արձակվել է ավելի քան մեկ տասնյակ անօդաչու թռչող սարք, որոնց մի մասը հաջողվել է չեզոքացնել։ Լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակվում ուկրաինական տարբեր բնակայրերում ավերածությունների մասին, Խարկովի իշխանությունները հաղորդում են մեկ զոհի մասին, մեկ մարդ էլ վիրավորվել է Կուպյանսկում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելառուսը բողոք է հայտնել Ուկրաինային հրթիռի միջադեպի կապակցությամբՌուսական կողմն առայժմ հաստատում է միայն երեկվա հարվածները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովի խոսքերով՝ ռուսական ուժերը դեկտեմբերի 29-ին «գերճշգրիտ զինատեսակներով զանգվածային հարված են հասցրել ռազմական հրամանատարության և կառավարման համակարգին և էներգետիկ օբյեկտներին, որոնք ապահովում էին Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների աշխատանքը»։ Ռուս զինվորականի փոխանցմամբ՝ հրթիռային հարվածների հետևանքով երկաթուղային տրանսպորտի վթարի արդյունքում «թիկունքում արգելափակվել է Ուկրաինայի զինված ուժերին մատակարարվող օտարերկրյա սպառազինությունը»։ Կիևը չի մեկնաբանել այս տեղեկությունը, պատերազմի պայմաններում անկախ աղբյուրներին չի հաջողվում անմիջապես ստուգել հակամարտող կողմերի պնդումները։
Հյուսիսատլանտյան ռազական դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի համոզմամբ՝ սպառզինության նոր մատակարարումները կարող են երաշխավորել խաղաղություն Ուկրաինայում։ Գրեմանական dpa-ի հետ զրույցում Ստոլտենբերգը խոստովանել է՝ ասածը «պարադոքսալ է հնչում», «բայց Ուկրաինային ռազմական աջակցությունն է դեպի խաղաղություն ամենակարճ ճանապարհը»: Մոսկվան պետք է հասկանա, որ չի կարող իր նպատակներին հասնել, որից հետո կսկսի բանակցել, համոզմունք է հայտնել ՆԱՏՕ-ի ղեկավարը:
Մինչ այդ Ռուսաստանի նախագահը այսօր չինացի պաշտոնակցի հետ է տեսակապով բանակցել, Սի Ծինպինին Մոսկվա է հրավիրել՝ քննարկելու Չինաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության հեռանկարները, հաղորդում է Կրեմլը: