Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պատասխանել է Մինսկի մեղադրանքներին՝ Բելառուսի տարածքում C-300 (S-300) հրթիռ ընկնելու կապակցությամբ, և պատրաստակամություն է հայտնել մասնակցել միջադեպի քննությանը։
«Ինչ վերաբերում է բելառուսական կողմի պնդումներին, ապա ուկրաինական կողմին հայտնի են Կրեմլի հուսահատ ու համառ ձգտումները Բելառուսին ներքաշելու Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի մեջ։ Այդ կապակցությամբ ուկրաինական կողմը չի բացառում տեռորիստ պետություն Ռուսաստանի կողմից կանխամտածված սադրանքը՝ իր թևավոր հրթիռներն այնպես արձակել, որ դրանք կասեցվեն Բելառուսի օդային տարածքում», - նշված է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Ավելի վաղ Բելառուսը հայտնել էր, որ դեկտեմբերի 29-ին ժամը 10-ի սահմաններում հակաօդային պաշտպանությունը C-300 հրթիռ է խոցել, որն արձակվել էր Ուկրաինայի կողմից։ Բելառուսում Ուկրաինայի դեսպանը կանչվել էր արտգործնախարարություն, որտեղ նրան խիստ բողոք էր փոխանցվել։