Չնայած դոլարի համեմատ դրամի շարունակվող էական արժևորմանն ու կառավարությունից ավելի վաղ արված հայտարարությանը, թե սրա շնորհիվ կոմունալ ծառայությունները կարող են էժանանալ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է հոսանքի սակագներն անփոփոխ թողնել։
«Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ», - հայտարարել է կարգավորող հանձնաժողովը։
Հոսանքը վերջին անգամ թանկացավ այս տարվա փետրվարին՝ 1 կՎտ*ժ-ը միջինը 4.7 դրամով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էլեկտրաէներգիան այսօրվանից թանկանում է՝ միջինը 4.7 դրամովՍակագների ձևավորման հարցում մեծ դեր ունի դրամ-դոլար տարբերությունը։ Ամռանը, երբ դրամի արժևորումը դեռ այսքան մեծ չէր, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց՝ չի բացառում, որ սակագները նվազեն:
«Ինչ խոսք, սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, և արժևորումը հայկական դրամի, բնականաբար, հաշվարկների մեջ պետք է մասնակից լինի: Այլ հարց է, թե ինչքանով է այս իրավիճակը դիսկրետ կամ ֆունդամենտալ երկարատև: Եթե այլ բաղադրիչներով հավելյալ ճնշումներ չլինեն, վստահ եմ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս հարցին կանդրադառնա տարվա կտրվածքով», - ասել էր փոխվարչապետը:
Ավելի ուշ կարգավորող հանձնաժողովից հայտնեցին՝ իրենք սկսել են հոսանքի սակագների վերանայման, վերահաշվարկի ամենամյա գործընթացը։ Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն էլ անցած ամիս ընդգծել էր՝ դրամի արժևորումը դրական ազդեցություն ունի այս հաշվարկում:
«Փոխարժեքը որ դրական ազդեցություն ունի, դա միանշանակ է։ Ի՞նչ չափով, ի՞նչ ծավալներով, կազդի՞ արդյոք վերջնական սպառողների վրա՝ երբ որ վերջնական բալանսն ունենանք, արդեն կհայտարարենք», - ասել էր Բաղրամյանը:
Կարգավորող հանձնաժողովը հրապարակել է նաև իր կատարած հաշվարկների մասին տեղականք։ Այն ներառում է սակագների ձևավորման գործոնները՝ փոխարժեքը, ներդրումների փոխհատուցումը, աշխատավարձերը և այլն։
Հոսանքը չէժանացնելու, սակագինը նույնը թողնելու որոշումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մանրամասն չի բացատրել, միայն նշել են, որ այդ եզրահանգմանը եկել են իրենց վերլուծության արդյունքում։
Գազի սակագների հաշվարկման մեջ նույնպես դրամ-դոլար տարբերությունը մեծ դեր ունի։ Թե հետագայում կքննարկվի արդյոք կապույտ վառելիքի հարցը՝ դեռ հայտնի չէ։
Նոյեմբերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց հունվարի 1-ից ջուրը թանկացնել, տարբերությունը, սակայն, կառավարությունը խոստացել է փոխհատուցել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջուրը հունվարի 1-ից կթանկանա, Կառավարությունն անհրաժեշտության դեպքում սուբսիդավորում է խոստանում