Համատարած թանկացումներով ուղեկցված տարվա տնտեսական զարգացումներին վարչապետը մեկ բնորոշում է տալիս՝ «աննախադեպ Երրորդ Հանրապետության պատմության մեջ»։
Երեկ Կենտրոնական բանկում ամանորյա միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ օգտագործեց հենց այս բառը. - «Աննախադեպ տարի ունենք, որ բոլոր ցուցանիշներով աճերը այնպիսին են, որոնք կարելի է բնութագրել մեկ բառով՝ աննախադեպ Երրորդ Հանրապետության պատմության մեջ»։
Այս բառը վարչապետի սիրելիներից է։ Տնտեսական ցուցանիշների մասին խոսելիս վերջին ամիսներին նա հաճախ է այն գործածում, վերջերս նաև անգլերենից փոխառություն օգտագործեց՝ պարծենալով, թե Հայաստանը տնտեսական բում է ապրում։
Ի՞նչ աննախադեպ տնտեսական փոփոխություններ կան ձեր կյանքում. Երևանի փողոցներում այսօր հարցրինք պատահական անցորդներին։ Պատասխանները տարբեր էին։
«Ես ոչ մի փոփոխություն էլ չեմ զգացել»։ «Առայժմ ոչ մի բան»։ «Ոչ մի բան չեմ զգացել»։ «Չի փոխվել։ Երևի ավելի շուտ դեպի վատը»։ «Փոփոխություն կա։ Եկամուտներս են ավելացել»։ «Ինչի չէ։ Շատ։ Էսքան անում են, անում են, էդ անել չի՞»։
Իսկ որքանո՞վ էր Հայաստանի տնտեսական տարին աննախադեպ ու ինչո՞վ այն առանձնացավ։
Իշխանություններն առաջին հերթին մատնանշում են երկնիշ տնտեսական աճը։ Տարբեր կանխատեսումներով ամբողջ տարվա համար այն շուրջ 14 տոկոս կկազմի։
Այդուհանդերձ, մասնագետների համոզմամբ, սա ամենևին էլ պետական այրերի ձեռքբերումը չէ։ Տնտեսագետներն անցնող ամիսներին բացատրում էին՝ հիրավի, բարձր թվերը մեծապես պայմանավորված են դեպի Հայաստան ռուսաստանցիների ու նրանց բերած դրամական միջոցների մեծ ներհոսքով։ Տնտեսագետներն ասում են՝ աճը կառավարության շնորհքը չէ, որպեսզի վերջիններս պարծենան դրանով։
«Խոսել էստեղ աննախադեպ տնտեսական հաջողությունների մասին, մի քիչ վաղ է, որովհետև այս տնտեսական աճը մենք ունենք անկումից հետո, որը երբեք ճիշտ հիմք չի հանդիսանում համեմատությունների համար», - ասում է Կովկաս ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը՝ ընդգծելով, որ արտաքին գործոններով պայմանավորված այս ազդեցությունը կարճաժամկետ է. - «Եթե չի լինելու ռեէքսպորտի կարիքը, այ դա նվազեցնելու է տնտեսական ակտիվությունը։ Այսպիսով սա իհարկե ազդելու է, բայց այնքան, ինչքան պլուս են մտել այս տարվա վիճակագրության մեջ, այդքան աստիճանով կարող է տեսականորեն սա որպես մինուս հանդես գա հաջորդ տարվա ընթացքում»։
Տնտեսագետի կարծիքով, Հայաստանի կառավարությունը չի կարողացել մեծ ներհոսքն ու ստեղված հնարավորությունը ճիշտ օգտագործել՝ ավելի կայուն արդյունքներ ունենալու համար. - «Այն անսպասելի օգուտները, որ մենք ստացանք դրսի տնտեսական ազդեցությունից, մենք չվերածեցինք երկարատև օգուտների, այլ ուղղակի սպառեցինք այս տարվա ընթացքում»։
Ըստ էության այս մեղադրանքներին արձագանքելով՝ Փաշինյանը երեկվա իր ելույթում ճիշտ հակառակը պնդեց. - «Կարծում եմ 2022 թվականին մենք կլանել ենք համարյա մաքսիմումը էն ծավալի, որ կարող էինք կլանել։ Որովհետև կարծում եմ, եթե ավելի մեծ պոտենցիալ լիներ, ավելի մեծ պոտենցիալ կլանելու հնարավորություն կունենայինք»։
Վարչապետը նաև անդրադարձավ այն գնահատականներին, թե այս ցուցանիշները ամենևին էլ իշխանությունների աշխատանքի արդունքը չեն. - «Ասվում է, որ դե ինչ կապ ունի, դա չկանխատեսված իրավիճակների արյդունքն է։ Հենց կառավարության, Կենտրոնական բանկի և ընդհանրապես ցանկացած համակարգի խնդիրն այն է, որ պատրաստ լինել և' լավագույն զարգացումներին, և' վատ զարգացումներին։ Այյնտեղ, որտեղ հարվածներն անխուսափելի են, վերցնել այդ հարվածները, տանել-հաղթահարել, իսկ այնտեղ, որտեղ հնարավորություն կա, օգտագործել էդ հնարավորությունը։ Ի վերջո, էդ ներհոսքը, որ եղել է Հայաստանի Հանրապետություն աշխարհի շուրջ երկու հարյուր երկրներից... իհարկե շատ տեղերում էն էղել, բայց հենց Հայաստանի Հանրապետությունն են ընտրել էդքան մարդիկ գործությունեություն ծավալելու համար»։
2023 թվականի համար կառավարությունը 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսել։ Գործադիրից խոստովանում են, որ հաշվի առնելով այս տարվա բարձր ցուցանիշները՝ դրան հասնելը հեշտ չի լինի։