Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Մոսկվան մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ առաջացած ճգնաժամով և դրա կարգավորման համար մտադիր է շարունակել աշխատանքը կողմերի հետ:
«Մեզ անկեղծ անհանգստացնում է այն լարվածությունը, որը ծագել է Լաչինի միջանցքի շուրջ: Ռուսական կողմը կշարունակի իր աշխատանքն ու ջանքերը Երևանի և Բաքվի հետ շփումներում», - ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքի ճգնաժամի հարցը քննարկվել է Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների վերջին հանդիպման ընթացքում:
«Թեման [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը և [Հայաստանի վարչապետ Նիկոլ] Փաշինյանը մանրամասն քննարկել են երեկ չէ առաջին օրը Սանկտ Պետերբուրգում», - ասել է Պեսկովը:
Անդրադառնալով հակամարտության գոտում ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայման հնարավորությանը, Պեսկովն ասել է, որ դրա համար անհրաժեշտ է հակամարտող երկու կողմերի՝ ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի համաձայնությունը:
«Հայաստանը մեր ամենամտերիմ դաշնակիցներից մեկն է, Ադրբեջանն էլ մեր կարևոր և արժեքավոր գործընկերն է: Ռուսաստանը շարունակում է և կշարունակի միջնորդական ջանքերը, նախևառաջ իրականացնելով այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմքի վրա», - ասել է Դմիտրի Պեսկովը:
Կրեմլի խոսնակի փոխանցմամբ, Լաչինի միջանցքի խնդրի շուրջ քննարկումները կշարունակվեն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան․ Ստացվում է՝ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների հսկողության տակ չէ