Ապրանքների սղության պայմաններում Արցախում գնաճային դրսևորումներ չեն նկատվել, հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանայնը`մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ռեստորանների և հանրային սննդի օբյեկտների սեփականատերերի և ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Ըստ Վարդանյանի գրասենյակի՝ Արցախի պետնախարարը շնորհակալություն է հայտնել տնտեսվարողներին՝ նրանց ըմբռնման և արժանապատիվ վարքագծի համար։
«Մենք բավականին ծանր վիճակում ենք: Բայց մենք՝ իշխանությունը և ժողովուրդը, այս ճանապարհը պետք է անցնենք միասին», - ասել է Վարդանյանը։
Հանրային սննդի օբյեկտների ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են որոշ սահմանափակումների կիրառման հնարավորությունները: Ըստ պետնախարարի գրասենյակի՝ նշվել է, որ սննդամթերքի սղության, էլեկտրաէներգիայի խնայողությունների պայմաններում բազմամարդ միջոցառումների և հանդիսությունների անցկացման հետ կապված որոշակի սահմանափակումների կիրառման անհրաժեշտություն է առաջացել:
Արդեն 17 օր է Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։
Արցախից ահազանգում են՝ սննդի, դեղորայքի դեֆիցիտ կա, խնդիրներ են սկսել առաջանալ նաև տնտեսական ոլորտում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիացի քաղաքական առաջնորդները Մակրոնին կոչ են անում երաշխավորել հայերի անվտանգությունը Արցախում և Հայաստանում