Էնգելսի ռազմական ավիաբազան ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման. Ռուսաստանի ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է Էնգելսի քաղաքի օդանավակայանի վրա նոր հարձակման մասին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, երեք զինվոր է զոհվել։

Ուկրաինայի սահմանից 700 կմ հեռու գտնվող օդանավակայանը, որը երկրի գլխավոր ռազմական ավիաբազան է Ռուսաստանի եվրոպական մասում, վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է հարձակման ենթարկվում անօդաչու սարքով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի տարածքն այսօր դարձյալ զանգվածային հրթիռակոծության է ենթարկվել Ռուսաստանի կողմից

Կիևը դեռ չի մեկնաբանել այս հարձակումը, իսկ ռազմական փորձագետները ռուսական կողմի հերթական ձախողում են համարում խորը թիկունքում գտնվող օդանավակայանին հասցված հերթական հարվածը։

Մինչ այդ, Մոսկվայից իրարամերժ հայտարարություններ են հնչում։ Եթե Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը իր ընդարձակ հոդվածում կտրուկ հայտարարում է, որ Մոսկվան իմաստ չի տեսնում Կիևի հետ բանակցություններում և, այսպես կոչված, հատուկ ռազմական օպերացիայի բոլոր նպատակները, այդ թվում՝ Ուկրաինայի ամբողջական ապառազմականացումը պետք է իրականություն դառնան, Ռուսաստանի նախագահը դարձյալ ասել է, թե պատրաստ են բանակցել։

Ըստ Վլադիմիր Պուտինի, Մոսկվան պատրաստ է բանակցությունների «այս գործընթացի բոլոր մասնակիցների հետ»։ Կրեմլի ղեկավարը միաժամանակ շարունակում է պնդել, թե Ռուսաստանը, որն արդեն տասն ամիս ռմբակոծում է ուկրաինական խաղաղ բնակավայրերն ու էներգետիկ ենթակառուցվածները, ամեն ինչ ճիշտ է անում. - «Կարծում եմ, որ մենք գործում ենք ճիշտ ուղղությամբ: Մենք պաշտպանում ենք մեր ազգային շահերը, մեր քաղաքացիների, մեր ժողովրդի շահերը: Կրկնում եմ՝ մենք այլ ընտրություն չունենք, քան պաշտպանել մեր քաղաքացիներին: Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք բանակցել այս գործընթացի բոլոր մասնակիցների հետ ինչ-որ ընդունելի արդյունքների շուրջ։ Մենք չէ, որ հրաժարվում ենք բանակցություններից, իրենք են հրաժարվում»:

Ուկրաինայի նախագահը չի հավատում, որ ռուսները խաղաղություն են ուզում, հակառակը՝ նա համոզված է, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին է'լ ավելի ուժգին են ռմբակոծվելու ուկրաինական բնակավայրերը. - «Նոր տարուն հաշված օրեր են մնացել։ Մենք հասկանում ենք, որ մեր թշնամին փորձելու է այս ժամանակը մեզ համար մութ ու դժվար դարձնել։ Գիտեմ, որ խավարը մեզ չի խանգարի օկուպանտներին տանել դեպի իրենց նոր պարտությունները։ Բայց մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Խնդրում ենք լսել այս օրերին օդային ահազանգերը»։

Իրավիճակը ճակատում էապես չի փոխվել և, ուկարինական կողմի գնահատմամբ, առաջիկայում էլ չի փոխվի։ Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը LIGA.net-ին տված հարցազրույցում պնդել է, որ ռուս զինվորականներին այս օրերին չի հաջողվի ուժգնացնել հարձակումը. - «Իրավիճակի հիմնարար փոփոխություն մոտ ապագայում չի սպասվում։ Դրա համար կան մի շարք օբյեկտիվ պատճառներ։ Ռուսաստանն այժմ փակուղում է, և միակ տեղը, որտեղ դեռ փորձում է հարձակվել, Բախմուտն է»։

Ռուսները, Բուդանովի խոսքով, այդ ուղղությամբ մեծ հաջողություններ չեն ունեցել, թեև օգոստոսից անընդհատ ասում էին, որ Բախմուտը գրեթե գրավված է։

Թե ինչ է ձեռնարկելու ուկրաինական բանակը առաջիկայում, Բուդանովը չի ասել, միայն շեշտել է, որ 2014-ից բռնակցված Ղրիմը կազատագրվի և՛ ուժային, և՛ դիվանագիտական ճանապարհով։

«Մեր զինված ստորաբաժանումները կգնան այնտեղ», - ասել է Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության պետը։

Ճակատում չհասնելով սպասված հաջողություններին՝ ռուսները շարունակում են հարվածել ուկրաինական բնակավայրերին։ Վերջին շաբաթներին մշտական ռմբակոծության տակ է Խերսոն քաղաքը, որը ռուսները թողել էին նոյեմբերի սկզբին։

Միայն դեկտեմբերի 24-ին ռուսական բանակը 71 անգամ գնդակոծել էր Խերսոնի շրջանը։ Վերջին տվյալներով, սպանվել է 16 մարդ, վիրավորվել՝ 68-ը։ Ռուսները հարվածել էին Խերսոնի կենտրոնին, այդ թվում շուկային ու սուպերմարկետին, ինչի հետևանքով զոհվել են Սուրբ ծննդյան տոնի համար գնումների դուրս եկած խաղաղ բնակիչներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 5 զոհ, 20 վիրավոր Խերսոնի ռուսական հրթիռակոծության հետևանքով

Your browser doesn’t support HTML5

Էլգելսի ռազմական ավիաբազան ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման. Ռուսաստանի ՊՆ