Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է Ելիսեյան պալատը:
Հաղորդագրության համաձայն՝ Ֆրանսիայի նախագահն իր լուրջ մտահոգություններն է փոխանցել Հարավային Կովկասում նոր լարվածության կապակցությամբ: Նա կոչ է արել հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնությունը և թույլ տալ ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով: Մակրոնն ընդգծել է տուժած բնակչությանը մարդասիրական կազմակերպությունների և ՄԱԿ-ի գործակալությունների անխոչընդոտ հասանելիության հրատապությունը:
Ելիսեյան պալատի փոխանցմամբ՝ Ալիևը հայտնել է Լաչինի միջանցքում ազատ տեղաշարժն ապահովելու իր մտադրության մասին:
Անդրադառնալով տարածաշրջանում օգտակար հանածոների ապօրինի շահագործման վերաբերյալ Ադրբեջանի մտահոգություններին, երկու նախագահները նշել են գործող չափանիշներին հետևելու կարևորությունը։
Դեկտեմբերի 12-ից փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։
Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները, ըստ Ելիսեյան պալատի, նաև պայմանավորվել են «շահագրգիռ դերակատարների հետ համատեղ շարունակել բանակցությունները տարածաշրջանում կայուն քաղաքական լուծում գտնելու համար, և առաջիկա շաբաթներին կրկին կզրուցեն միմյանց հետ»:
Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում Լաչինի միջանցքի իրավիճակի առնչությամբ հայտարարել է, թե իր երկրի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բողոքում են հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ: Նա նաև պնդել է, թե Հայաստանը «դեռևս զբաղեցնում է Ադրբեջանին պատկանող 8 գյուղ»:
Ալիևը կարևորել է տարածաշրջանային խնդիրների առնչությամբ հավասարակշիռ ու անաչառ դիրքորոշումը և ուշադրություն հրավիրել Ֆրանկոֆոնիայի ու այլ միջազգային կազմակերպություններում «Ադրբեջանի դեմ ցավալի գործողությունների վրա», հաղորդում է պաշտոնական Բաքուն:
Ադրբեջանի նախագահը նոյեմբերի վերջին չեղարկեց դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ, քանի որ Նիկոլ Փաշինյանը ցանկություն էր հայտնել, որ դրան մասնակցի նաև Էմանյուել Մակրոնը: Բաքուն պնդում է, որ Փարիզը կողմնակալ է և չի կարող լինել միջնորդ Երևանի հետ բանակցություններում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը հետագա բանակցությունների համար միջնորդ և հարթակ է փնտրում