Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում ուրախալի համարեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի հարցի քննարկումը:
«Իսկապես շատ կարևոր է, որ նորից հնչեց Լեռնային Ղարաբաղի, Արցախի հարցը՝ ամենաբարձր կազմակերպության քննարկման օրակարգում, և շատ կարևոր է, որ արձագանքը մի կողմանի էր՝ դա անընդունելի է, ինչը կատարվում է, 200 ժամից ավել արդեն փակ է Արցախի ճանապարհը, բլոկադայի մեջ ենք, և ամբողջ աշխարհը, բոլոր երկրները, իրենց արձագանքը շատ կտրուկ էր և պարզ՝ սա անընդունելի է և պետք է բացվի առանց նախապայմանների, կամ քննակումներով, բայց մեկ է՝ ընդհանուր որոշումն այդպիսին էր, որ սա անընդունելի իրավիճակ է», - հայտարարեց Վարդանյանը:
Պետնախարարը շնորհակալություն հայտնեց «բոլոր մարդկանց և կազմակերպություններին և պետություններին, որ արել են էդ ամեն ինչը, և նույն Հայաստանի կառավարությանը, որը զբաղվել է դրանով»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ ԱԽ անդամները պահանջում են ապաշրջափակել Լաչինի միջանցքը
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։