Ռուսաստանը մտադիր չէ կլանել Բելառուսը, վստահեցնում է Պուտինը

Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի համատեղ ասուլիսը, Մինսկ, 19-ը դեկտեմբերի, 2022թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին երեք տարիների ընթացքում առաջին անգամ այցելեց հարևան և սերտ դաշնակից երկիր Բելառուս:

Բանակցություններից հետո նա և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ երեկոյան մամուլի համատեղ ասուլիս են տվել:

Պուտինն ասել է, որ Ռուսաստանը մտադիր չէ կլանել Բելառուսը: «Հարցը ոչ թե կլանելն է, այլ տնտեսական քաղաքականությունը համաձայնեցնելը», - ասել է Ռուսաստանի նախագահը երկու երկրների ինտեգրացիոն գործընթացների մասին:

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը չի պատրաստվում կլանել որևէ երկիր, այդ թվում՝ Բելառուսը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի գնահատմամբ՝ Պուտինի հայտարարությունը «հեգնանքի գագաթնակետն է», քանի որ նա ձգտում է կլանել Ուկրաինան:

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն ամենօրյա ճեպազրույցում նաև ասել է, որ Վաշինգտոնը կշարունակի մոտիկից հետևել, թե արդյոք Բելառուսը լրացուցիչ օժանդակություն կտրամադրի Ռուսաստանին, և պատշաճ կերպով կարձագանքի, եթե դա տեղի ունենա:

Ռազմական փորձագետների կարծիքով՝ Պուտինը կփորձի Լուկաշենկոյին համոզել՝ օգնել Ուկրաինայի դեմ պատերազմում, նույնիսկ զինվորներ ուղարկել:

Մինսկում Պուտինի և Լուկաշենկոյի ասուլիսում բավականին շատ է խոսվել ռազմական համագործակցության մասին: Լուկաշենկոն ասել է, թե Ռուսաստանը Բելառուսին հատկացրել է մեծ հեռահարության C-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգեր և օպերատիվ մարտավարական «Իսկանդեր» հրթիռային համակարգեր:

Բելառուսի նախագահի խոսքով՝ ստացված սպառազինությունները դրվել են մարտական հերթապահության:

Բելառուսի տարածքում ընթացող ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունների մասին Վլադիմիր Պուտինն ասել է, թե երկու երկրների ռազմական միավորների մարտական ներդաշնակեցման միջոցառում է անցկացվում, ձևավորվել և մարտական հերթապահության է անցել հակաօդային պաշտպանության միասնական համակարգ, ստեղծվել է զորքերի ռեգիոնալ խմբավորում:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ համատեղ զորավարժությունները կանոնավոր անցկացվելու են, ինչպես նաև ռազմական տեխնիկա է համատեղ արտադրվելու:

Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Ռուսաստանի օգնությամբ ավիացիոն անձնակազմեր են պատրաստվում հատուկ սպառազինություն կրող օդանավերի համար: Նա նշել է, որ այդ գործողությունները որևէ կողմի համար սպառնալիք չեն:

Տնտեսական ոլորտում 2023 թվականի համար ֆիքսվել է գազի գինը, ինչպես նաև առաջին երեք տարիների համար համաձայնեցվել են գնագոյացման մեխանիզմները:

Լուկաշենկոն ասել է, թե պայմանները շահավետ են Բելառուսի համար:

Կոնկրետ թվեր չեն հրապարակվել: Այս տարվա ընթացքում Բելառուսն անցել է ռուսական ռուբլով վճարումների, բայց մինչ այդ՝ 2021 թվականին և այս տարեսկզբին, 1000 խորանարդ մետրի համար Բելառուսը Ռուսաստանին վճարում էր 128,5 դոլար: