Ադրբեջանի էկոակտիվիստների պահանջներին պատասխան դեռ չի տրվել, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և ռազմական կցորդների հետ հանդիպմանը՝ կապված «Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակի հետ»: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բայրամովը օտարերկրյա դիվանագետներին ասել է, թե իրականությանը չեն համապատասխանում պնդումները, որոնց համաձայն Լաչինի միջանցքի արգելափակումը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի։
«Այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը առանց պարզաբանելու:
Ադրբեջանցի պաշտոնյան հերքել է նաև Հայաստանից Արցախ գազի մատակարարումը Ադրբեջանի հատվածում արգելափակման մասին պաշտոնական Ստեփանակերտի հայտարարությունը՝ այն անվանելով կեղծ։
«Եթե կա խնդիր, այն պետք է հետաքննվի և լուծվի։ Ադրբեջանական կողմը խնդիրներ չի ստեղծել»,- ասել է Բայրամովը և հավելել. «Եթե կապ լիներ տեղական իշխանությունների և պետական մարմինների միջև, խնդիրը կլուծվեր ժամանակին։ Այժմ նրանք խուսափում են ադրբեջանական կողմի հետ շփումներից, որպեսզի դրամատիզմը սաստկացնեն»:
Դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։
Պաշտոնական Բաքուն հայտարարել է՝ «ղարաբաղյան տնտեսական գոտում» գտնվող ոսկու և պղնձա-մոլիբդենային հանքավայրերի «անօրինական շահագործումը պետք է դադարեցվի»։
Հայաստանի վարչապետը, Արցախը հայտարարում են, որ սա հումանիտար ճգնաժամ է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախն անցել է խնայողական ռեժիմի