Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը և դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները:
Ընդգծվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը, փոխանցում է Պաշտպանության նախարարությունը:
Սուրեն Պապիկյանը և դեսպան Թրեյսին խոսել են երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Նախարարը նաև ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով առաջնագծում ստեղծված իրադրության մասին:
Դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։