Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը։
Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում նիստին։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը շեշտեց՝ խորհրդի նիստում մերժվել է ընդդիմադիրների առաջարկած նախագիծը և հիմա քննարկվում է ՔՊ-ի նախագիծը։
«Մեր գնահատմամբ, այս հայտարարությունն ավելի լավ է չարվի, որովհետև սա ոչ միայն վնասում է Հայաստանին և Արցախին, այլ օգնելու է թուրք-ադրբեջանական տանդեմին։ Ելնելով այս իրավիճակից՝ մեր խմբակցությունը չի մասնակցում այս քննարկմանը», - հայտարարեց Մինասյանը։
«Պատիվ ունեմից» Տիգրան Աբրահամյանը ևս հայտարարեց՝ իրենց խմբակցությունը չի մասնակցի նիստին։
«Ինչպես «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրեց հումանիտար աղետ, սա միայն հումանիտար աղետ չէ, և փաստացի Հայաստանն ու Արցախը կանգնած են նոր պատերազմի շեմին, փաստացի Արցախը կանգնած է ցեղասպանության շեմին։ Ձեր ներկայացրած օրակարգը որևէ ձևի համարժեք չէ Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված ռաղմաքաղաքական իրավիճակին, և այն հայտարարությունը և այն մոտեցումները, որը դուք եք արտահայտում, որևէ ձևով չի կանխում վերահաս վտանգը, այլ նույն կերպ կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար։ Մենք չենք մասնակցելու այս քննարկմանը», - ասաց ընդդիմադիր պարգամավորը։
Նախքան քննարկումը ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։
Երեկ երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը՝ շեշտելով՝ «եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ»։
Դեկտեմբերի 12-ի առավոտից էլ փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմությունը պահանջում է արտահերթ նիստ հրավիրել Արցախի հարցով