Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության 6 օրից ավարտվող մանդատի ժամկետը, ըստ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի, որոշումը կայացվել է անդամ երկրների արտգործնախարարների՝ Բրյուսելի երեկվա նիստին։
Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների բանակցությունների արդյունքում։ Բաքուն չէր ընդդիմացել, բայցև դիտորդների գտնվելու ժամկետ էր սահմանվել առավելագույնը 2 ամիսը, որը դեկտեմբերի 19-ին կավարտվի։ «Ազատության» ԵՄ աղբյուրները պնդում էին՝ երկարաձգման հնարավորությունը Բրյուսելը դարձրել է քննարկման առարկա, բայց թե ի վերջո ինչո՞ւ չեն հանգել այդ որոշմանը, Եվրամիության արտգործնախարարը չի բարձրաձայնել։ Բորելն իր խոսքում, սակայն, նշել է հնարավոր նոր տեղակայման մասին, եթե կրկին պայմանավորվեն։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջնորդի մեր հեղինակությունը պահպանելու համար Հայաստան կուղարկվի խումբ, որպեսզի ծրագրի հնարավոր քաղաքացիական առաքելության ուղարկումը, եթե հաջորդ տարի նման համաձայնություն ձեռք բերվի», - ասել է նա։
Երևանը դեռևս չի մեկնաբանում եվրոպացիների որոշումը
Հնարավոր երկարաձգումը ողջունած պաշտոնական Երևանը դեռևս չի մեկնաբանում եվրոպացիների որոշումը։
Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կարծում է՝ նաև ԵՄ դիտորդների երկարաձգման հնարավորությունը բաց թողնելը իշխանության դիվանագիտական ձախողումն է։ Եվրոպացիների ներկայությունն, ըստ նրա, կարող էր որոշակիորեն զսպել ադրբեջանցիներին։ Պատգամավորն ասաց՝ առիթ ունեցել է տեսնել առաքելության աշխատանքը՝ փաստեր են հավաքել, բավականին խորը ուսումնասիրություն արել։
«Եթե ունենք ագրեսիա, նույնիսկ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումներ, ունենք հարյուրավոր զոհեր պատերազմից հետո, ապա սա առաջին հերթին դիվանագիտական քաղաքականության ձախողման հետևանք է և, բնականաբար, առաջին հերթին պետք է այդ տրամաբանության ներքո այս ամենը դիտարկել», - ասաց Աբրահամյանը:
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վիգեն Խաչատրյանը համաձայն չէ ընդդիմության գնահատականի հետ։ Իրենց թիմի դիվանագիտական աշխատանքը, հակառակը, կարծում է՝ հաջող է։ Բրյուսելի վերջին որոշման պատճառը իշխանական պատգամավորը չգիտեր, միայն ասաց՝ Հայաստանը կշարունակի աշխատել երկարաձգման ուղղությամբ. կարևորում են միջազգային ներկայությունը։
«Հուսադրող է, որ Բորելն ասում է, որ քաղաքացիական խումբ հնարավոր է ձևավորվի: Բացառված չի, որ սա Ադրբեջանի հետ ինչ-որ բանակցությունների արդյունք է, ու մենք դրա մանրամասները չգիտենք: Բոլոր դեպքում, իհարկե, ցանկալի կլիներ երկարաձգվեր, որքան շատ նման ուժեր լինեն, այնքան երաշխավորված կլինի, որ զսպող դերը իր առաքելությունը կատարում է, բայց ես կարծում եմ, սրան փոխարինող քայլեր կգտնվեն», - նշեց Խաչատրյանը:
Հայաստան ժամանած անզեն առաքելության կազմում 40 դիտորդներ են, Ադրբեջանի տարածք նրանք չմտան, այս ընթացքում տեղակայվեցին, մասնավորապես, ադրբեջանական սեպտեմբերյան հարձակման թիրախում հայտնված Սյունիքում, Գեղարքունիքում ու Վայոց Ձորում։
Դիտորդները պետք է զեկույց պատրաստեն իրենց արձանագրածի մասին։ Եվրոպական դաշինքը հատուկ շեշտել էր, որ առաքելությունը հետաքննություն, քաղաքական եզրակացություններ չի անելու, այլ փոխանցելու է իրավիճակի մասին իր դիտարկումները եվրոպական կառույցներին ու ծառայություններին: Բայց թե երբ պատրաստ կլինի զեկույցը, արդյոք հրապարակային կդառնա ու ինչ հետևանքներ կունենա, հստակ չէ։
Հայ-ադրբեջանական սահմանին դիտորդների գտնվելու գրեթե 60 օրերին հրադադարը պարբերաբար խախտվում էր, սակայն բանը չհասավ լայնածավալ ռազմական բախման։ Ու եվրոպացիներն էլ այս ընթացքում դրանց չարձագանքեցին։