Հայկական կողմը ԵՄ դիտորդներ տեղակայելու համար պաշտոնական դիմումը Բրյուսել է ուղարկել դեռ մեկ ամիս առաջ, ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը`ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում:
«ԵՄ դիտորդները տեղակայվում են հայկական կողմում՝ Հայաստանի իշխանությունների կողմից Եվրամիության բարձրագույն հանձնակատար Ջոզեպ Բորելին սեպտեմբերի 22-ին ուղարկված դիմումի համաձայն»,- ասել է Կլաարը, ընդգծելով, որ ավելի ուշ՝ հոկտեմբերի 6-ին՝ քառակողմ հանդիպման ժամանակ, Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարները քննարկել են հնարավոր տեղակայումն ու գործողություններն ադրբեջանական կողմում:
«Ադրբեջանի նախագահ Ալիևը հստակ հասկացրեց, որ Բաքուն համաձայն է այդ առաքելության հետ համագործակցել այնքանով, որքանով, որ կառնչվի: Մենք ակնկալում ենք, որ ադրբջանական կողմը կգնա փոխազդեցության»,- ասել է ԵՄ հատուկ հանձնակատարը, կրկին փաստելով, որ դիտորդները ֆիզիկապես չեն լինելու Ադրբեջանի տարածքում:
«Հուսով ենք, որ այդ առաքելությունը կծառայի կողմերի միջև վստահության ամրապնդմանը», - ասել է նա:
Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը նշել է նաև, որ առաքելությունը ժամանակավոր է լինելու՝ երկու ամսով, և առայժմ այս ժամկետի երկարաձգման հարց չի քննարկվում:
Ըստ նրա՝ 40 դիտորդները հիմնականում ճանապարհային պարեկություն են իրականացնելու ու տեղերում դիտորդություն, ենթարկվելու են ոչ թե կողմերին, այլ՝ Բրյուսելին:
Խոսելով Հայաստանի Ադրբեջանի սահմանազատման ու սահմանագծման մասին, որի շուրջ բանակցությունները ևս ընթանում են Բրյուսելի միջնորդությամբ, Կլաարն ասել է՝ կողմերը սկսել են դելիմիտացիայի գործընթացը, որը, հնարավոր է, բերի սահմանագծի որոշ փոփոխությունների: Սակայն, քանի դեռ այդ գործընթացը չի ավարտվել, կարևոր է հարգել սահմանը այն տեսքով, որով այն փաստացի գոյություն ունի:
«Պրահայի գործընթացը թույլ տվեց առաջընթացի հասնել և կարևոր բանակցությունների:Հույս ունենք, որ տեղում հանդարտությունը կպահպանվի, և չենք տեսնի բռնության նոր ալիք, որոնք արդեն իսկ բազմաթիվ կյանքեր են խլել: Այժմ կարևոր է մեկընդմիշտ փակել թշնամության էջը, խուսափել նախկին սխալների կրկնությունից և պահպանել դրական հռետորաբանությունը՝ հանուն խաղաղ ապագայի: Վստահեցնում եմ, որ Եվրամիությունը կշարունակի լուրջ փոխգործակցությունը կողմերի հետ՝ այդ նպատակին հասնելու համար», - ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը: