Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ զրուցակիցները կարևորել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում և անդրադարձել առաքելության գործունեությանը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության, խաղաղության ու կայունության խնդիրների, այդ ուղղությամբ իրականացվող քայլերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:
Քննարկվել են նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ինչպես նաև սահմանային անվտանգության և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքին վերաբերող հարցեր:
Նախօրեին ԵՄ հատուկ ներկայացուցչին ընդունել են Հայաստանի արտգործնախարարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Հայաստան Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների՝ ժամեր շարունակված բանակցությունների արդյունքում։ Եվրոպացի 40 դիտորդները Հայաստանում կմնան առավելագույնը երկու ամիս: