Երեկ առավոտվանից Գորիս-Ստեփանակերտ մայրուղին փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ «Ազատությունը» զրուցել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Կարմիր հող կոչվող հատվածում տեղակայված հայկական անցակետում մնացած մարդկանց հետ:
«Երեկ ժամը 7-ից սպասում եմ, չեն թողնում, ասում են՝ փակ է ճանապարհը: Մեքենաների կեսը առաջ գնաց, հենա ռուսի պոստում կանգնեցին, մենք էլ մնացել ենք ստեղ», - ասաց նրանցից մեկը:
Քաղաքացիները նշեցին՝ կմնան այնտեղ մինչև ճանապարհի բացվելը. - «Ասել են կբացվի, բայց դե չգիտեմ՝ երբ կբացվի, կարող է երկու օր, կարող է երկու ժամ, սպասենք էլի»:
«Ազատության» հարցին՝ «իսկ իրենց չե՞ն առաջարկել գնալ ինչ-որ հյուրանոց», քաղաքացիները պատասխանեցին, թե հրաժարվել են. - «Մեզ ասել են, բայց մենք չենք էլ ուզում, հրաժարվել ենք, ստեղ կմնանք, մինչև բացեն գնանք»:
Մի քանի ժամ մեքենաների մեջ սպասելուց հետո Արցախ մեկնող քաղաքացիների մի մասին տեղավորել են Գորիսի հյուրանոցներում, որոշները գիշերել են ճանապարհին՝ մեքենաների մեջ, նրանց թվում ծերեր, կանայք և երեխաներ։
Վրաստանում կայացած պարային մրցույթից Արցախ վերադարձող Լարի Ավանեսյանը իր աշակերտների հետ տեղավորվել է հյուրանոցում, սպասում է, թե երբ պետք է ճանապարհը բացվի. - «Ոմանք արդեն հետ են վերադառնում Երևան, որովհետև ինչ-որ առիթի համար էին եկել, իմաստ չունի հետո ճանապարհ անցնել, ոմանք սպասում են, ոմանք մենակ են, տխուր են, ամեն մարդ իրա ձևով է արձագանքում էս ամեն ինչին»։
Ստեփանակերտից Եվրատեսիլ մանկական մրցույթը դիտելու համար երկու օր առաջ Երևան մեկնած 18 աշակերտներ և ուսանողներ տուն վերադառնալիս սոցիալական ցանցերից տեղեկացել են՝ տուն հասնել չեն կարող։ Հիմա հյուրանոցի տաքուկ սենյակներում սպասողական անհանգիստ վիճակը թեթևացնելու հարմար տարբերակներ են մտածում։ Միայն թե Արցախում շրջափակման մեջ մնացած հարազատների և ընկերների մասին են մտածում
«Դե մենք հիմա հյուրանոցում ենք, մենք էլ մասին ենք մտածում, իրանք էնտեղ փակված են», - ասաց Վլադիմիր Մարգարյանը:
Երեխաների ծնողների զանգերը չեն դադարում։ Նրանց անհանգստությանը գումարվում է անորոշությունը՝ երբ կբացվի ճանապարհը, երբ կհասնեն Արցախ, դեռ պարզ չէ…
«Ճիշտ է արդեն տրամադրություններ չունեինք, տեղավորվեցինք, մի քիչ հանգստացանք, հույսով էինք, որ առավոտյան կշարժվենք դեպի Արցախ, բայց ոնց հասկանում ենք դեռ տեղեկություն չկա… Այս պահին սպասողական վիճակ է, հույսով ենք, որ կես ժամից կճանապարհվենք Արցախ», - նշեց Լիլիթ Ավանեսյան:
Հայոց պատմության առարկայական օլիմպիադայում առաջին տեղ զբաղեցրած 10-րդ դասարանցի Մհեր Համբարձումյանին այսօր ուսուցիչն է զանգել՝ պատմության հերթական օլիմպիադան է, որին մասնակցել չկարողացավ։ Հույս ունի՝ Արցախ վերադառնալուց հետո իրեն օլիմպիադային մասնակցելու նոր հնարավորություն կտան, միայն թե ճանապարհը շուտ բացվի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի ԱՆ-ն ահազանգում է՝ առողջական ծանր խնդիրներ ունեցող արցախցիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ