Ադրբեջանի նպատակը ցեղասպանությունն է և էթնիկ զտումը, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն՝ անդրադառնալով այսօր առավոտյան Գորիս-Ստեփանակերտ մայրուղին փակելու ադրբեջանական կողմի գործողություններին՝ շեշտելով՝ Ադրբեջանը շատ հետևողական կերպով գնում է դրան [ցեղասպանության]։
Ստեփանյանն այս օրերին Երևանում մասնակցում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումին։
Բաքուն կրկին զրկել է այս պահին Արցախում ապրող 120 հազար մարդուն արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու հումանիտար հասանելիության հնարավորությունից, ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը՝ մանրամասնելով՝ «մեկուսացնելով Արցախը Բաքուն մարդկանց մեջ ահաբեկում է մտցնում, որն էլ պետք է ստիպի արցախցիներին թողնել ու լքել Արցախը»։
Վտանգները կանխելու համար Գեղամ Ստեփանյանը կարևորեց միջազգային հանրության արձագանքը։
«Առնվազն հենց այս պահին պետք է Արցախում տեղակայված լիներ ՄԱԿ-ի համապատասխան կառույցի ներկայացուցչությունը։ Նկատի ունեմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի գոնե փաստահավաք առաքելությունը, պետք է լիներ միջազգային տարբեր այլ կառույցների ներկայացվածությունը, միջազգային մեդիան պետք է լիներ, տեղում դա իհարկե կանխարգելիչ նշանակություն ունի։ Եթե դա էլ չկա, Ադրբեջանը մնում է անպատժելի և ցանկացած գործողության կարող են դիմել», - ասաց Պաշտպանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, վրաններ տեղադրելՄի խումբ ադրբեջանցիներ առավոտից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, վրաններ տեղադրել։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ ակցիան անցկացնում են բնապահպանական ոչ կառավարական կազմակերպությունները՝ դժգոհելով, որ նախօրեին իրենց Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում դիտարկում անցկացնելու հնարավորություն չի տրվել։ Նրանք հանդիպում են պահանջում ռուս խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Երևանն ու Ստեփանակերտն ահազանգում են պոտենցիալ ցեղասպանության սպառնալիքի մասին։
Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին ադրբեջանցիները փակել էին նաև մեկ շաբաթ առաջ՝ պատճառաբանելով, թե «Արցախում օգտակար հանածոներն ապօրինի շահագործում են բնապահպանական ռիսկերով»: Պաշտոնական Երևանը Ադրբեջանի բնապահպանական մեղադրանքները կապեց Լաչինի միջանցքը փակելու մտադրության հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ահազանգում են պոտենցիալ ցեղասպանության սպառնալիքի մասին․ Փաշինյան