Ադրբեջանցիները փորձել են մտնել Մարտակերտի Կաշենի հանքավայր, անվտանգությունը չի թույլատրել. Տիգրան Պետրոսյան

Մի խումբ ադրբեջանցիներ այսօր փորձել են մտնել Մարտակերտի շրջանի Կաշենի հանքավայր, այս մասին «Ազատությունը» տեղեկացավ հանքավայրին հարակից բնակավայրից: Մի կարճ տեսանյութ համացանցի իր էջում տարածել է «Վաղվա Արցախ» ընդդիմադիր կուսակցության համահիմնադիրը։

«Փորձ են արել մուտք գործել հանք, իսկ հանքի անվտանգությունը ավտոմատներով կանգնեցրել, չի թողել, և իրենց չհաջողվեց մուտք գործել հանքի տարածք», - «Ազատությանը» պատմեց Տիգրան Պետրոսյանը:

Ինչպես են հասել արցախյան բնակավայր՝ հանքի մոտ, Տիգրան Պետրոսյանը ենթադրում է ռուս խաղաղապահների օգնությամբ:

Պաշտոնական Բաքուն այսօր առավոտյան էր ազդարարել՝ նախնական մոնիտորինգ է սկսում Արցախում՝ Մարտակերտի շրջանում: Ադրբեջանի էկոնոմիկայի ու բնական պաշարների նախարարությունները համատեղ հայտարարություններ են արել, որում հղում են անում ռուս խաղաղապահների հետ հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքին:

«Դեկտեմբերի 3-ին և 7-ին ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ բանակցությունների արդյունքների համաձայն՝ դեկտեմբերի 10-ից Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության, Բնապահպանության և բնական պաշարների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գործող Պետական գույքի ծառայության աշխատակիցները և «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ն սկսում են նախնական մոնիտորինգ՝ ուսումնասիրելու օգտակար հանածոների հանքավայրերում ապօրինի շահագործման փաստերը Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբ», - ասված է հայտարարության մեջ:

Ըստ ադրբեջանական հայտարարության՝ մոնիտորինգի ընթացքում ստուգվելու են օգտակար հանածոների հանքավայրերը, մասնավորապես՝ Գըզըլբուլագինը, որ արդեն չշահագործվող Դրմբոնն է, և գործող՝ Դեմիրլին, սա էլ Կաշենի հանքավայրերն է։ Գնահատելու են շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասները, ստորերկրյա և մակերևութային ջրաղբյուրները:

«Ամեն ինչ շատ հարթ է ընթանում, հայտարարություն, ապա հանքավայր մտնելու փորձ»,-ասում է «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանը. «Այս ամեն ինչն իրար հետ, իհարկե, փոխկապակցված է, ռուսներն էլ դրա մեջ են: Մանրադրամ ենք մենք դարձել, որ թույլ ենք տալիս, թուրքերին բերում են, հասցնում են մեզ մոտ: Ադրբեջանցիների կողմից պետական մասշտաբով ձեռնարկված միջոցառումներ են, ու շատ կասկածներ ունեմ, որ ռուսի հետ պայմանավորված են»:

Արցախի ընդերքն ու բնապահպանական թեման Բաքվի օրակարգում առաջին պլան մղվեց ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին փակ պահեցին ավելի քան երեք ժամ այն պատճառաբանությամբ, որ Արցախում օգտակար հանածոներն ապօրինի շահագործում են բնապահպանական ռիսկերով: Ադրբեջանի բնապահպանական ոլորտի պետական պաշտոնյաները ռուս խաղաղապահների հետ քննարկեցին այս հարցերը, և ահա այսօր հայտարարվում է մոնիտորինգի մեկնարկի մասին:

«Շատ խնդրահարույց եմ համարում այն հանգամանքը, որ ռուսական կողմը որոշակի թույլտվություն ամեն դեպքում տվել է, որովհետև նվազագույնն արդեն հստակ է, որ կան քննարկումներ, և եթե Ադրբեջանի կողմից տարածած այս վերջին հայտարարությունը մասամբ է համապատասխանում իրականությանը, ապա նույնիսկ այս պարագայում կա խնդիր», - ասաց խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ Արցախի շուրջ վտանգավոր գործընթացներն արագանում են՝ Ադրբեջանն սկսել է Արցախն Ադրբեջանին ինտեգրելու գործընթաց. «Այս բոլոր պրոցեսները պետք է տեսնել դրա տրամաբանության ներքո, որովհետև Ադրբեջանի կողմից մշտադիտարկում, հետաքննություն կամ առհասարակ Արցախի ընդերքի նկատմամբ ցանկացած տիպի մուտքն արդեն իսկ խնդրահարույց է և բնականաբար, որևէ ձևով չի բխում Արցախի և Հայաստանի շահերից», - նշեց նա:
Այսօր էլ, պատգամավորի տեղեկությամբ, հերթական միջադեպն է գրանցվել Հայաստանն Արցախին կապող ճանապարհի վրա. «Այսօր ադրբեջանցի հատուկ ծառայությունները լրագրողների անվան տակ կրկին փորձել են Հայաստանն Արցախին կապող երթուղու Շուշիի հարակից հատվածում ճանապարհը կարճ ժամանակով փակել և սադրանքների դիմել ռուս խաղաղապահների նկատմամբ, ինչպես որ արել էին օրեր առաջ: Որքան ես եմ տեղյակ, ռուս խաղաղապահները կոշտ քայլերի են դիմել և բավականին արագ նրանց դուրս են բերել ճանապարհից, որտեղ նրանք որևէ պարագայում չէին կարող գտնվել»:

Արցախի պաշտոնական որևէ կառույցից՝ նախագահական, կառավարություն, խորհրդարան, ողջ օրը «Ազատությունը» մեկնաբանություն չստացավ։ Երեկ Արցախի Հանրայինին հարցազրույց է տվել 37 օրվա պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Անվտանգային լարված իրավիճակի մասին ասել է միայն այն, որ Լաչինի միջանցքի փակումն սպասելի էր, ընդհնարապես դժվար ձմեռ է լինելու:

«Սրանք ոչ թե առանձին դեպքեր են, մենք ունենք հայրենական պատերազմ, այդ պատերազմը չի վերջացել», - ասել է նախարար Վարդանյանը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Մարսելում է, այսօր, օրինակ, հռչակագիր է ստորագրել, որում դատապարտվում է Արցախի և Հայաստանի հանդեպ ադրբեջանական ագրեսիան։

Արցախի անվտանգության խորհուրդն էլ այսօր ողջ օրը որևէ տեղեկատվություն չի տարածել Արցախի ընդերքն ուսումնասիրելու ադրբեջանական պլանի մասին: Արցախն ունի նաև բնապահպանական կոմիտե, որի կայքում, ֆեյսբուքյան էջում որևէ բառ չկա Արցախի խոշոր հարկատուի՝ Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին:

Օրեր առաջ պաշտոնական Երևանը Ադրբեջանի բնապահպանական մեղադրանքները կապեց Լաչինի միջանցքը փակելու մտադրության հետ։ Այսօր որևէ նոր հայտարարություն չի հնչել։