Մարց և հարակից գյուղեր տանող ավելի քան 35 կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունը դարձյալ հետաձգվել է

Լոռու մարզի Մարց և հարակից գյուղեր տանող ավելի քան 35 կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունը դարձյալ հետաձգվել է, այս անգամ մինչև գարուն, Ազգային ժողովի ամբիոնից Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը հայտնեց այդ մասին։

«Սպասում ենք եղանակային պայմաններին, այսինքն, հենց գարնանը հնարավոր լինի, ընդ որում, ինչքան ես եմ տեղյակ, ընկերություններից մեկը նույնիսկ մոտ օրերս հնարավոր է որոշակի հողային աշխատանքներ անի: Բայց դա դեռ չհամարենք հիմնական աշխատանքների սկիզբ, հիմնական աշխատանքների սկիզբը կլինի գարնանը», - նշեց Սանոսյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Թող էդ պաշտոնյաները իրանց ընտանիքով գան էս ճանապարհով մի հատ տուրիստական այց կատարեն». թումանյանցիները կրկին բողոքում են

Դեռ անցած տարի օգոստոսին կնքված պայմանագրով «Լեոպոլդ և ընկերներ» շինարարական կազմակերպությունը պիտի իրականացներ թանկարժեք՝ մոտ 3,5 միլիարդ դրամանոց այս ծրագիրը։ Բայց գյուղացիների համար անհայտ պատճառներով աշխատանքն այդպես էլ չսկսվեց։ Խորհրդային տարիներից հետո այստեղ ասֆալտ չտեսած բնակիչները բողոքի տարբեր միջոցների դիմեցին, մայրուղի փակեցին՝ պահանջ դնելով, թե ճանապարհն անցանելի դարձրեք։

«Թող էդ պաշտոնյաները իրանց ընտանիքով գան էս ճանապարհով մի հատ տուրիստական այց կատարեն, մենք մի տարի էլ կհամբերենք», - ասաց բնակիչներից մեկը:

Իշխանություններից եկան, Լոռու մարզպետը խոստում տվեց, թե ընդամենը մի ամսից ճանապարհին տրակտորներ կերևան. - «Մինչև հոկտեմբերի 1-ը մենք կունենանք նոր շինարար, մոտավորապես հոկտեմբերի առաջին տասնօրյակում մենք արդեն աշխատանքները կսկսենք»:

Երկու ամիս է անցել, բայց երկար սպասված տեխնիկան այդպես էլ չեն տեսել։ Մինչև 30 րոպեանոց ճանապարհի վրա ժամեր են ծախսում։

«Էլի գնում ենք գալիս շատ դանդաղ, գնալ-գալը 1,5-2 ժամ տևում է, այ էդ ձև ահավոր ճանապարհ է», - նշեց մեկ այլ բնակիչ:

Անցած երկու ամիսներին, երբ շինարարությունն արդեն սկսված պիտի լիներ, կառավարությունը համարեց, որ մրցույթում շահած «Լեոպոլդ և ընկերները» չի կատարել իր պարտավորություններն ու խզեց մեկ տարի առաջ կնքված պայմանագիրը։ Այս ընկերությունը կապվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ։ Խորհրդարանում իշխանական պատգամավոր Արեն Մկրտչյանը հարց ուղղեց նախարարին, թե ի վերջո ինչո՞ւ ընկերությունն այդպես էլ չսկսեց այս ճանապարհի շինարարությունը, անգամ ակնարկեց, թե այստեղ կարող էին քաղաքական պատճառներ լինել։

«Ուզում եմ ձեր կարծիքն իմանալ՝ արդյոք դուք այստեղ քաղաքական հետքեր տեսնո՞ւմ եք՝ հաշվի առնելով, թե ուր են տանում այդ ընկերության թելերը», - ասաց Մկրտչյանը:

Նախարարը սրան հստակ պատասխան չտվեց, բայց շինարարությունը չսկսելու մեղքը մասնավոր ընկերությանը վերագրեց։ Կառավարությունը գումարները հատկացրել է, ընկերությունը՝ իրենց էլ անհայտ պատճառով գործը չի սկսել. - «Երկու տարի ընկերությունը տարբեր պատճառաբանություններով չաշխատեց, և մենք ստիպված եղանք պայմանագիրը խզել»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մ6 մայրուղի - Մարց ճանապարհը կհիմնանորոգի Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերությանը

Մեկ ամիս առաջ նախկին նախագահի ընտանիքի հետ կապվող ընկերությանը 3,5 միլիարդանոց ծրագրից զրկելուց հետո ճանապարհային դեպարտամենտը նոր մրցույթ հայտարարեց, այս դեպքում արդեն 27 կիլոմետրը հիմնանորոգելու իրավունք ստացել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքի հետ կապվող ընկերություն՝ «Եվրոասֆալտը»։ Գյուղեր տանող ավելի փոքր հատվածների մրցույթում էլ «Ճանապարհ» ընկերությունն է հաղթել։ Բայց ձմռանը շինարարներն անգամ հողային աշխատանք չեն անի։

Մարցի ու հարակից 5 գյուղերի բնակիչներն օրեր առաջ նախատեսում էին դարձյալ բողոքի դուրս գալ։ Նախարարի հայտարարությունից հետո արդեն հաշվում են 30 րոպեանոց ճանապարհի վրա ծախսվող ժամերն ու խնդրում՝ գոնե մի քիչ հարթեցնեին՝ մինչև գարուն իրենք մի կերպ կդիմանան, մեքենաները՝ դժվար թե։