Մատչելիության հղումներ

Մարցի բնակիչները հրաժարվեցին լսել հանքարդյունաբերող ընկերության առաջարկները


«Մեզ գործից մի կտրեք, միևնույնն է հանքին դեմ ենք», - ոսկի որոնելու մտադրությամբ Մարց եկած մասնագետներին գյուղի բնակիչներն այսպես ճանապարհեցին։

«Էմ Ջի Փի Ռեսուրսիզ» ընկերության սեփականատերն ու մասնագետներն էին եկել հանրային լսումներ անցկացնելու, բայց հավաքվածները հայտարարեցին, թե դեմ են ու, առանց նրանց լսելու, լքեցին դահլիճը՝ միաբերան ասելով՝ մեզ հանք պետք չի։

Մեծ դահլիճում ներկաներից միայն երեք բնակիչ մնացին նախաձեռնողների հետ, թեև մարցեցիները պնդում էին, թե նրանք իրենց գյուղի հետ կապ չունեն, հարևան համայնքներից են եկել։

Հանքի բացմանը կողմ այս մարդիկ ասում էին, թե Մոտկորի գյուղերը թշվառության մեջ են, տարածքը հանքավայր դարձնելով աշխատատեղեր կստեղծվեն, գյուղերը կզարգանան. - «Կողմ ենք, որպեսզի հանքարդյունաբերունը զարգանա, մարդիկ աշխատատեղեր ունենան»։

Մինչդեռ գյուղացիները հիշեցին մարզի տարածքում գործող բոլոր հին ու նոր հանքերն ու կտրուկ «ոչ» ասացին նոր խոստումներին։

«Տեսեք տարիներով, տասնամյակներում Հայաստանում գործած բոլոր հանքերին կից համայնքների ժողովրդի ճակատագիրը։ Հենց ձեր հարևանությամբ, մեր հարևանությամբ։ Շամլուղը տեսեք, տեսեք Ախթալան, տեսեք Թեղուտը։ Իջեք Զանգեզուր, տեսեք Քաջարանը ինչ վիճակում է, Կապանը ինչ վիճակում է», - ասաց Մոտկորի Ահնիձոր գյուղում ծնված ու ստեղծագործած նշանավոր գրող Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը։ Ասաց, որ գյուղ է եկել՝ պաշտպանելու Մոտկորը հանքահեններից. - «Ժողովուրդը էդ հանքերում աշխատող բանվոր է, ճորտ է, ստրուկ է... որոշեք ինչ է։ Ժողովուրդը էդ հանքերի շնորհիվ Թեղուտում և տարբեր տեղերում զրկվում է սեփական հողից, վաճառում է հիմարաբար սեփական հողը և տեղափոխվում, որովհետև մեզ տնավեր են անում և մեր տանից հեռացնում են նաև հանքերի միջոցով»։

Մարցի բնակիչները պնդում են, թե առանց այն էլ գետից բան չի մնացել, անցած տարիներին երեք ՀԷԿ են կառուցել ու ամբողջ գետը խողովակների մեջ առել։ Հիմա էլ ոսկու հանք բացելու ծրագրեր են նշմարում։ Աչքների առաջ երրորդ ՀԷԿ-ի կառուցման շուրջ ստեղծված աղմուկն է, տրված խոստումներին իրենց կուլ գնալն ու այսօրվա ցամաքած գետը. - «ՀԷԿ-ի պահով էլ մենք տեսել էդ ամեն ինչը ու էսօր «վայելում ենք»։

«Էմ Ջի Փի Ռեսուրսիզ» ընկերության ներկայացուցիչները Մարց գյուղում
«Էմ Ջի Փի Ռեսուրսիզ» ընկերության ներկայացուցիչները Մարց գյուղում

Այս տարվա փետրվարին հիմնադրված «Էմ Ջի Փի Ռեսուրսիզ» ընկերության ոսկու որոնումներն այդպես էլ գլուխ չեկան։ Երկրաբան Մկրտիչ Կարապետյանն ասաց, որ լավ խոստումներով էին եկել գյուղ։ Եթե որոնումներն արդյունք տան, հանքը փակ եղանակով կշահագործեն, տուրիզմին ու զարգացման մյուս նախաձեռնություններին բնավ չեն խանգարի։ Բայց դժգոհ էր, որ բնակիչները չցանկացան լսել և ընդունել իրենց առաջադեմ ծրագրերը։ Ասաց՝ էլ չեն գա. - «Համայնքը չի ուզում, էլ մենք ոչ մի նպատակ չունենք»։

Մարցում դեռ 2014-ից են փորձում ոսկի փնտրել։ Ութ տարի առաջ «Վիկտորիա Սիլվեր» ընկերությունը մոտ 800 հեկտար անտառային տարածքում հետախուզական աշխատանքներ էր արել, ու 11 տոկոսանոց հանքավայր գտել։ Այդ ժամանակ հայտարարեցին, թե դա լավ արդյունք է։ Բայց բնակիչներն էլի չթույլատրեցին իրենց գյուղի անտառները հանքի վերածել։ Վստահ են, որ տարիներ առաջ ՀԷԿ-ի դեպքում էլ միահամուռ կարգելեին, բայց կասկածներ ունեն, որ կաշառել էին գյուղի բնակիչներին համաձայնություն ստանալու համար։

Պնդում են՝ այս անգամ նույնը չի կրկնվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG