Մատչելիության հղումներ

«Թող էդ պաշտոնյաները իրանց ընտանիքով գան էս ճանապարհով մի հատ տուրիստական այց կատարեն». թումանյանցիները կրկին բողոքում են


Մինչ իշխանությունը խզել է պայմանագիրն ու նախաձեռնում է նոր մրցույթ հայտարարել Թումանյանի բնակավայրեր տանող 37 կմ ճանապարհի վերակառուցման համար, համբերությունը հատած թումանյանցիներն այսօր բողոքի էին դուրս եկել, մայրուղի փակել։

Դեռ մեկ տարի առաջ էր որոշվել հիմնանորոգել Մ6 մայրուղուց մինչև Մարց, Աթան, Ահնիձոր ու հարակից գյուղեր տանող դժվարանցանելի ճանապարհը։ Դրա համար կառավարությունը շուրջ 3,5 միլիարդ դրամ էր հատկացրել։ Ու թեև վերջնաժամկետն այս տարեվերջն է, բայց մրցույթում հաղթած կազմակերպությունն անցած մեկ տարում Թումանյանում որևէ աշխատանք այդպես էլ չարեց։

«Մինչև հիմա սուտ խոստումներ են տվել ու էլ չենք հավատում էդ սուտ խոստումներն», - ասաց հավաքվածներից մեկը:

«Թող էդ պաշտոնյաները իրանց ընտանիքով գան էս ճանապարհով մի հատ տուրիստական այց կատարեն, մենք մի տարի էլ կհամբերենք, փոշում մեջ կորչում են ավտոները, 3 ժամ պետք ա, որ ստեղից Աթան հասնեն», - ասաց մեկ այլ բնակիչ:

Մեկ ամիս առաջ շինաշխատանքների բացակայությունը Ճանապարհային դեպարտամենտը բացատրել էր նախագծի փոփոխության անհրաժեշտությամբ, «Ազատությանն» ասել էին, թե աշխատում են այդ ուղղությամբ։ Գրավոր պատասխանում որևէ խոսք չկար «Լեոպոլդ և ընկերներ» կազմակերպության անբարեխղճության և պարտավորությունները չկատարելու մասին։ Այնինչ չորս օր առաջ կառավարությունը միակողմանի խզել է շինարարության պայմանագիրն այս ընկերության հետ՝ վերջնական համաձայնագրի համար անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելու համար ու «սև ցուցակ» են գցել՝ զրկելով նրան հետագայում պետական մրցույթների մասնակցելու իրավունքից։

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ճանապարհը փակած թումանյանցիներին հայտնեց՝ «իր պարտավորությունները չկատարած ընկերության հետ պայմանագիրը խզվել է, մեկ ամսվա ընթացքում նոր մրցույթ կհայտարարվի և շինարարությունը կսկսվի»։

«Մինչև հինգշաբթի օրը կհայտարարվի, կդրվի նոր մրցույթ, մինչև հոկտեմբերի 1-ը մենք կունենանք նոր շինարար, մոտավորապես հոկտեմբերի առաջին տասնօրյակում արդեն աշխատանքները կսկսենք», - ընդգծեց Խաչատրյանը:

«Լեոպոլդ և ընկերներ»-ը, որ պատկանում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամու ընտանիքին, Հայաստանի ամենախոշոր շինարարական ընկերություններից է։ Ընդգրկված է եղել ամենամեծ շինարարական ծրագրերում։ Ընդամենը մի քանի օր առաջ կառավարությունն այս ընկերության հետ պայմանագիր է կնքել Հայաստանը Արցախի հետ կապող նոր ճանապարհի մի հատվածի շինարարության համար։ Փաստորեն, օգոստոսի 24-ին կառավարությունն ընկերության հետ նոր պայմանագիր է կնքել ու մի քանի օր անց զրկել նրան հետագա մրցույթներին մասնակցելու իրավունքից։

Թե ինչո՞ւ ընկերությունը մրցույթում հաղթել, բայց պահանջված փաստաթղթեր չի ներկայացրել կառավարություն, Լեոպոլդ և ընկերներ շինարարական կազմակերպությունից չպարզաբանեցին։

Ավելի վաղ Ճանապարհային դեպարտամենտից «Ազատությանն» ասել էին, թե շինարարությունը հապաղում է նաև այն պատճառով, որ ճանապարհի մոտ 5 կմ-անոց հատվածով է անցնում «Մարցիգետ-2» հիդրոկայանի խողովակաշարը։ Այն կխանգարի ջրահեռացման համակարգ կառուցել։

Այսօր Լոռու մարզպետն ասաց՝ ՀԷԿ-ի սեփականատիրոջ հետ պայմանավորվել են, խնդիրը կլուծեն. - «Բանավոր կերպով համաձայնության ենք եկել»:

Այսօր ճանապարհ փակած գյուղացիների հետ հանդիպեցին նաև ոստիկանության Թումանյանի տարածքային բաժնի պետն ու նրա տեղակալը։ Հորդորեցին բացել ճանապարհը։ Թումանյանցիները համաձայնեցին՝ նշելով, մեկ ամիս անց էլի բողոքի ծայրահեղ քայլերի կգնան, եթե տարածքում դարձյալ շինարարներ չերևան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG