Մեզ անհրաժեշտ են ավելի հիմնարար միջազգային երաշխիքներ՝ անվտանգային առումով. Արայիկ Հարությունյան
Այսօր Արցախի խաղաղությունն ապահովում է ռուսական խաղաղապահ առաքելությունը, բայց քանի որ այդ ժամկետը ավարտվում է 2025 -ին, «մեզ անհրաժեշտ են ավելի հիմնարար միջազգային երաշխիքներ»՝ անվտանգային առումով, «Ֆրանս 24» -ին (France 24) տված հարցազրույցում ասել է աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Այսօր արցախահայության ճակատագիրը վտանգված է՝ ցեղասպանություն, էթնիկ զտում, մեզ համար տարբերություն չկա, եթե մենք պետք է թողնենք Արցախը, դա մեզ համար հավասարազոր է զոհվելուն, հազարամյակներ ապրել ենք մեր հողում և ուզում ենք շարունակել ապրել մեր հողում, սա մեր իրավունքն է հազարամյակներով վաստակած», - ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի ԱԳՆ-ը «խիստ բողոք» է հայտնել Ֆրանսիայի գործերի հավատարմատարինԻ՞նչ է ակնկալում Արցախը Ֆրանսիայից՝ խոսելով միջազգային հիմնարար երաշխիքների մասին, արդյոք Ստեփանակերտը ռուս խաղաղապահ առաքելության ժամկետի ավարտից հետո դիտարկում է միջազգային կամ կոնկրետ Ֆրանսիայի խաղաղապահ ուժերի տեղակայում։ Արայիկ Հարությունյանի հետ Ֆրանսիայում գտնվող Արցախի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց՝ ցանկանում են, որ ՄԱԿ -ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) ռուս խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատ տա անորոշ ժամանակով։
«Ուղղակի միջազգային երաշխիքների տակ հասկանում եք՝ լավագույն տարբերակն այն է, որ նույն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ռուս խաղաղապահ առաքելությանը տրամադրի միջազգային մանդատ, այսինքն՝ նաև իրենք արտոնեն ռուս խաղաղապահների առկայությունը և տեղակայումը Արցախում ոչ միայն մինչև 2025 թիվը, այլ նաև անորոշ ժամանակով, քանի չի կարգավորվել հակամարտությունը», - նշեց նախարարի պաշտոնակատարը:
Դավիթ Բաբայանի փոխանցմամբ՝ սա չի նշանակում, որ Արևմուտքը պետք է ձեռքերը լվանա, նա կարող է այլ լծակներ կիրառել՝ Ադրբեջանի վրա ճնշումներ բանեցնելով, քանի որ Արցախը ցեղասպանության վտանգի տակ է հայտնվել. «Անպայման չէ, որ խաղաղապահների միջոցով գան, ուրիշ տարբերակ չկա՞ Արցախին օգնելու, սատարելու»:
Հարցին, թե ֆրանսիացի սենատորների հետ հանդիպումներում ինչ մեսիջներ են հղել, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Հենց այդ մեսիջները, որ Արցախը վտանգված է, որ քաղաքակիրթ աշխարհը ճիշտ չէ, որ անտարբեր կամ ընդհանրապես պասիվ լինի»:
Արցախին սպառնացող վտանգների մասին Արայիկ Հարությունյանը խոսել է նաև ֆրանսիական մեկ այլ առաջատար լրատվամիջոցի՝ «Ֆրանս պրես»-ի հետ, տեղեկացնելով, որ Ադրբեջանը ամեն օր փորձում է սադրանքներ իրականացնել, նաև Հայաստանը Արցախին կապող Լաչինի ճանապարհին խոչընդոտներ ստեղծել. «Այսինքն՝ մենք տեսնում ենք առաջիկայում պրովոկացիաների արդյունքում ավելի մեծ լարվածություն»:
Արցախի հիմնախնդրից բացի, Արայիկ Հարությունյանը «Ֆրանս 24»-ի եթերում խոսել է նաև Հայաստանին սպառնացող վտանգի մասին։ Պատասխանելով ֆրանսիացի լրագրողին հարցին, որ եթե Լեռնային Ղարաբաղն այլևս չլինի, արդյոք հաջորդ փուլում Ադրբեջանի տեսադաշտում Հայաստա՞նն է լինելու, Արայիկ Հարությունյանն ասել է. «Միանշանակ, Ադրբեջանը և Թուրքիան չեն էլ թաքցնում իրենց ծրագրերը Սյունիքի, Զանգեզուրի նկատմամբ տրանսպորտային կապի անվան տակ՝ մեկ-մեկ դա անվանելով միջանցք... իհարկե, նպատակը հասկանում ենք, Արցախով չի ավարտվելու, և Հայաստանն ու Հայաստանի ժողովուրդն է վտանգված։ Սեպտեմբերին ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք, և դա դրա վառ ապացույցն է»։
Դեկտեմբերի 5-ից Ֆրանսիայում գտնվող Արցախի նախագահն, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի փոխանցմամբ, արդեն հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովում և Սենատում, Արայիկ Հարությունյանը հանդիպել է նաև նաև Փարիզի քաղաքապետին և հայ համյանքի ներկայացուցիչներին։ Պաշտոնական հրավեր որպես այդպիսին չի եղել։
Արցախյան պատվիրակության այցը հաջորդում է Ֆրանսիայի օրենսդիր մարմինների ընդունած խորհրդատվական երկու բանաձևերին, որոնք դատապարտում են Ադրբեջանի գործողությունները՝ առաջարկելով պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ։
Պատժամիջոցներ գործադրելու հարցը Փարիզում բարձրացրել է նաև Արայիկ Հարությունյանը՝ այդ մասին խոսելով «Ֆրանս պրես»-ին տված հարցազրույցում. «Այո, սպասում ենք Ֆրանսիայի կառավարության կողմից կոնկրետ պատժամիջոցներ իրականացնել Ադրբեջանի Հանրապետության նկատմմաբ»:
Ֆրանսիական առաջատար լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Արցախի նախագահը նաև ասել է, թե հիասթափված են Արևմուտքից կրավորական անտարբեր քաղաքականության համար, քանի որ ավելին էին ակնկալում ոչ միայն պատերազմի ընթացքում, այլև հետպատերազմյան ժամանակահատվածում։