Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյան. Արցախին անհրաժեշտ են անվտանգության ավելի հիմնարար երաշխիքներ


Փարիզում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը France 24 պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե պետք է հաշվի առնել, որ ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետը մինչև 2025 թվականն է, ուստի Արցախին անհրաժեշտ են անվտանգության ավելի հիմնարար երաշխիքներ:

«Գլխավորը՝ հարգեն մեր ինքնորոշման իրավունքը, որը մեզ համար անկախության ճանապարհն է: Դա միջազգայնորեն՝ ՄԱԿ-ի բանաձևերով պաշտպանվում է որպես ազգերի ինքնորոշման սկզբունք, և մենք պայքարելու ենք մինչև վերջ: Արցախցիների ինքնորոշման, անկախության իրավունքը սակարկման ենթակա չէ, դա հիմնավորված է հենց Ադրբեջանի պահվածքով», - ընդգծել է Հարությունյանը:

France 24-ը Հարությունյանին ներկայացրել է որպես Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի ինքնահռչակ հանրապետության նախագահ:

Հարությունյանն ասել է, որ ակնկալում է քաղաքակիրթ աշխարհի աջակցությունը. «Այսօր արցախահայության ճակատագիրը վտանգված է: Ցեղասպանություն թե էթնիկ զտումներ, մեզ համար տարբերություն չկա. եթե պետք է թողնենք Արցախը, մեզ համար դա հավասարազոր է կոտորվելուն: Հազարամյակներ ապրել ենք մեր հողում և ուզում ենք շարունակել ապրել այնտեղ, դա մեր իրավունքն է»:

Անդրադառնալով հնարավոր բանակցություններին՝ Արայիկ Հարությունյանն ասել է, որ Ադրբեջանը միակողմանի մերժում է երկխոսել միջազգային ձևաչափով:

Արցախի աջաջնորդին Փարիզում ընդունել են Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի բոլոր բոլոր խմբակցությունների ղեկավարները: Այցը հաջորդում է օրենսդիր այս մարմինների կողմից Ադրբեջանին դատապարտող բանաձևերի ընդունմանը:

XS
SM
MD
LG