Փաշինյան-Ալիև հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա. Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպման պայմանավորվածություն չկա, այսօր Ազգային ժողովում հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը միաժամանակ չբացառեց առաջիկայում իր ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Որտեղ, երբ, Արևմուտքի թե Ռուսաստանի միջնորդությամբ՝ չհստակեցրեց. - «Հանդիպում այս պահին պլանավորված չէ վերջնական, բայց ես ենթադրում եմ, որ մինչև տարեվերջ մենք կունենանք ևս մեկ հանդիպում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Լաչինի միջանցքը ռուսական զորքերի պատասխանատվության գոտի է»․ Ալեն Սիմոնյան

Իսկ Փաշինյան - Ալիև հնարավոր հանդիպումը այսօր կեսօրին չէր բացառել խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։ Կրեմլի խոսնակն էլ այսօր ասել էր, թե հնարավոր է երկու ղեկավարները հանդիպեն տարեվերջին Սանկտ Պետերբուրգում։ Միրզոյանի խոսքից պարզ չդարձավ՝ առաջնորդների հանդիպման պայմանավորվածությունը բրյուսելյան քառակողմ ֆորմատով չկա՞, թե՞ նաև՝ Մոսկվայի միջնորդությամբ։

Այսօր Բրյուսելում նախապես համաձայնեցված հանդիպումը չեղարկել էր Ալիևը։ Պրահայում էին պայմանավորվել, որ Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի ղեկավարի մասնակցությամբ քառակողմ հանդիպում պետք է լինի։

«Ենթադրվում ա, որ եթե չորս հոգի պայմանավորվում են հաջորդ հանդիպման համար, կարծում եմ, ակնհայտ պետք է լինի, որ խոսքը չորս մարդու մյուս հանդիպման մասին է։ Եվ ահա դրանից հետո ադրբեջանական կողմը հրաժարվում է այս ձևաչափով նոր հանդիպման մասնակցել։ Սա, կարծում եմ, ապակառուցողական քայլ է», - նշեց Միրզոյանը։

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի փաստաթուղթն էլ պատրաստ չի լինի մինչև տարեվերջ։ Անվտանգության խորհրդի քարտուղարի ավելի վաղ արած հայտարարությունը, թե մտադիր են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել մինչև տարեվերջ, մտադրության շրջանակում էր, ընդգծեց Միրզոյանը. - «Ցավոք, կողմերի մոտեցումները բազմաթիվ հարցերում դեռևս շատ հեռու են իրարից»։

Խաղաղության պայմանագրի հերթական առաջարկներն է Բաքուն Հայաստանին ներկայացրել։ Թե նախկին առաջարկներն ինչպես են խմբագրվել, Միրզոյանը փակագծեր չբացեց։ Կողմերի մոտեցումները չեն համընկնում, քննարկումները շարունակվում են. - «Բանակցությունները հենց դրա համար են բանակցություններ, որպեսզի կարողանան հեռու դիրքորոշումների միջև ընդհանուր եզրեր գտնել»։

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությանն երկարաձգման անհրաժեշտության մասին նախօրեին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան։ «Այս առաքելությունն իրոք սահմանափակում է էսկալացիայի ռիսկերը վերահսկելով սահմանային իրավիճակը», - ասել է ֆրանսիացի պաշտոնյան։

Դեկտեմբերի 20-ին ավարտվում է առաքելության ժամկետը, ասաց Միրզոյանը։ Նա ողջունեց, բայց այդպես էլ չհստակեցրեց՝ պաշտոնական Երևանը արդյո՞ք դիմել է Եվրամիությանը առաքելության ժամկետը երկարաձգելու համար։ - «Հայաստանի Հանրապետությունը կարող է միայն ողջունել այս առաքելության երկարացումը կամ այլ կազմակերպություններից կամ նույն երկրից կամ վերպետական կազմավորումից դիտորդական առաքելութան ուղարկումը։ Կարծում եմ, որ միայն չեզոք դիտորդների և մոնիտորինգային առաքելության անդամների ներկայությունը Հայաստան - Ադրբեջան սահմանին պետք է որ կանխարգելիչ նշանակություն ունենա հետագա էսկալացիայի և իրավիճակի հետագա սրման համար»։

Կառավարության հետ հարցուպատասխանին ընդդիմադիրները դարձյալ չէին մասնակցում։ Իշխանականների հարցերն ուղղված էին հիմնականում Արարատ Միրզոյանին։ Փաշինյանը երկու հարցի պատասխանեց, մեկը տարածաշրջանային ապաշրջափակման, մյուսը՝ գյուղատնտեսության թեմայով։