Երևանի քաղաքապետարանն այս տարի ամանորյա զարդարանքի համար ավելի քան չորս անգամ շատ է ծախսել, քան կորոնավիրուսի համավարակին ու 44-օրյա պատերազմին նախորդող տարիներին՝ 2017-ին ու 2018-ին։
Ռեկորդը մինչ այս ամանոր 2020-ինն էր՝ այդ ժամանակ ավելի քան 400 միլիոն ծախսվեց՝ այսօրվա փոխարժեքով մեկ միլիոն դոլարից փոքր-ինչ ավելի։ Մինչդեռ այս տարի Երևանի տոնական տեսքի համար հարկատուների գրպանից արդեն 2 միլիոն դոլարից ավելի է ծախսվել։
Արդարացվա՞ծ են արդյոք այսչափ ծախսն ու քաղաքացիներին պատճառված անհարմարությունները։ Երևանցիների կարծիքները խիստ տարբեր են. ոմանք ողջունում էին՝ «Տասը միլիոն էլ արժի, որ հայերին ճանաչեն որպես լավ ժողովուրդ», «Պետք ա ուրախանալ, ժողովուրդ, որովհետև Նոր տարի ա, ու համ էլ մենք լիքը հյուրեր ունենք արտասահմանից, պետք ա ներկայանալի լիներ քաղաքի տեսքը», մյուսները համարում էին, որ կարելի էր ավելի համեստ կազմակերպել՝ «Էրկու միլիոնը լուրջ թիվ ա մեզ համար։ Պետք էր էս ուրախությունը ապահովել, բայց մի քիչ ավելի համեստ», երրորդներն այս ամենն անտեղի էին համարում՝ «Ազգի իրավիճակից ելնելով, ժողովրդի կենսամակարդակը հաշվի առնելով՝ անտեղին էր»։
Քաղաքի ամանորյա վերջնական տեսքը գնահատելուց հետո մի խումբ քաղաքացիներ էլ առայժմ այս հարցի պատասխանը չունեն։
Ավելի քան 2 միլիոն դոլարի գնումները քաղաքապետարանը մեծամասամբ մեկ անձից է իրականացրել՝ առանց բաց մրցույթի։ Դժգոհության մեծ ալիք բարձրացրեց «Սինեմարտը»։ Շուրջ կես միլիոն դոլարով հենց այս ընկերությունն է Երևանի ճոխ լուսավորությունն իրականացրել՝ աշխատանքների ընթացքում մեծաթիվ անցքեր բացելով Հանրապետության հրապարակի հուշարձան շենքերի վրա։ Իսկ ահա լուսավորության սարքավորումները քաղաքապետարանը ավելի քան 800 հազար դոլարով գնել է ռուսական երկու ընկերություններից։
150 հազար դոլարով Հանրապետության հրապարակին հարակին պուրակի տարածքում համերգներ կկազմակերպեն։ Գումարներ հատկացվել են նաև վարչական շրջաններին։
Ծախսված միլիոնների, մեկ անձից գնումների ու Հանրապետության հրապարակի շենքերը վնասելու համար հնչող խիստ քննադատությունը քաղաքային իշխանություններն ի սկզբանե չէին ընդունում՝ տարբեր արդարացումներ բերելով։ Եվ միայն քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն օրերս ընդունեց՝ բացթողումներ ունեն, այն էլ միայն լուսավորության մասով. - «Ես ընդունում եմ, որ մենք բացթողումներ ենք ունեցել։ Միգուցե մի փոքր ավելի ճիշտ կազմակերպելու դեպքում այլ տրամաբանությամբ իրականացվեր»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ընդունում եմ, որ բացթողումներ ենք ունեցել». քաղաքապետը՝ կառավարության շենքի տոնական լուսավորության մասինԱրձագանքելով սոցիալական ծանր խնդիրների պայմաններում մեծ ծախսեր իրականացնելու որոշմանը՝ քաղաքապետը երեկ «Ազատության» տաղավարում պնդեց՝ բոլոր երկրներում էլ սոցիալական խնդիրներ կան, բայց միևնույն ժամանակ պետությունները նաև այս միջոցառումներն են իրականացնում. - «Վստահեցնում եմ, որ բոլոր երկրներում էլ խնդիրներ կան, սոցիալական խնդիրներ կան, բայց միևնույն ժամանակ պետությունները նաև էս միջոցառումները իրականացնում են, և դա են իրականացնում և նաև մյուս միջոցառումներն են իրականացնում։ Վարչապետի կողմից կա հանձնարարական, որպեսզի էդ խնդիրները լուծվեն՝ կապված պատերազմից անտուն մնացածների... և էդ աշխատանքները իրականացվում են, ես վստահ եմ, որ էդ խնդիրները կլուծվեն»։
Քաղաքային իշխանություններն աննախադեպ ծախսերն արդարացնում են նաև մանկական Եվրատեսիլով, որն այս տարի Երևանում է անցկացվում։