Բաքուն Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկների երրորդ փաթեթն է փոխանցել Երևանին և ակնկալում է մինչև այս տարեվերջ այս հարցով ևս մեկ հանդիպում անցկացնել, այսօր Մոսկվայում հայտարարել է Ադրբեջանի արգործնախարարը ռուս գործընկերոջ հետ բանակցություններից հետո։ Թե երբ է նախատեսվում հանդիպումը, ում միջև և ինչ դրույթներ են ներառված Ադրբեջանի նոր առաջարկներում, Բայրամովը չի հստակեցրել, միայն ընդհանոր գծերով հայտնել է, թե մինչ այդ հայկական կողմի ներկայացրած առաջարկները Բաքվի համար ընդունելի չեն եղել։
«Եթե չխորանանք մանրամասների մեջ, դրա փիլիսոփայությամբ մեր առաջարկած պարզ սկզբունքները վերածվում էին շրջանակային համաձայնագրի, որն իր հերթին պետք է ներառեր մի շարք այլ պայմանագրեր։ Մենք կարծում ենք, որ սկզբունքը, ըստ որի քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայեցված չէ, կարող է և լավ է հնչում։ Բայց կարճ ժամկետում համաձայնեցնել հայ-ադրբեջանական տարաձայնությունների ողջ փաթեթը՝ քիչ հավանական է թվում։ Ուստի, որպեզի ինչ-որ հիմք ունենանք առաջ շարժվելու համար, ադրբեջանական կողմի մոտեցումը առավել իրատեսական է», - ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մոսկվան մտադիր է աջակցել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»․ Լավրով-Բայրամով հանդիպում ՄոսկվայումՊաշտոնական Երևանն առյաժմ չի հրապարակել բանակցությունների մանրամասները։ Նշվում է միայն, որ Բաքվի առաջարկած հինգ հիմնարար սկզբունքներն ընդունելի են, սակայն անհրաժեշտ է դրանց հավելել նոր կետեր՝ Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության վերաբերյալ։ Ըստ պաշտոնական Երևանի՝ հենց այս կետերն էին քննարկվել Վաշինգտոնում ամիսներ առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
Ավելին, այդ բանակցություններից հետո Հայաստանի վարչապետը, արտգործնախարարն ու Անվտանգության խորհրդի քարտուքարը հայտարարել էին, թե քննարկվում է տարբերակ, որով կարող է միջազգային մեխանիզմ ստեղծվել Ստեփանակերտի ու Բաքվի միջև ուղիղ երկխոսության համար։ Բաքուն հերքել էր Երևանից հնչող այս պնդումները։ Այսօր ևս Ադրբեջանի արտգործնախարարը ընդգծել է՝ Ղարաբաղի հայերի հարցում որևէ առանձնահատուկ մոտեցման կարիք չկա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենը Փաշինյանի ու Ալիևի հետ զրույցներում խոսել է Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների մասին«Մեր՝ ազգությամբ հայ քաղաքացիները կունենան իրավունքների ու երաշխիքների նույն ամբողջությունը, որով օժտված են Ադրբեջանի մյուս քաղաքացիները՝ մեր սահմանադրության ու միջազգային պայմանագրերին համաձայն։ Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի օրենսդրությունը դրա համար շատ լավ հիմք է տալիս, և կարծում ենք, որ բոլոր միջազգային դերակատարները պետք է աջակցեն սրան», - ասել է նա։
Ռուսաստանի արտգործնախարարը անցած շաբաթավերջին հայտարարել էր, թե ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո էլ Մոսկվան առաջարկել և փորձել է առկախել Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Ըստ Լավրովի՝ անցած գարնանը կողմերին ներկայացված խաղաղության պայմանագրի տարբերակն առաջարկել է կարգավորել հարաբերությունները, ապաշրջափակել տրանսպորտային կապերն ու դելիմիտացնել սահմանը, իսկ Ղարաբաղի հարցը թողնել հաջորդ սերունդներին։
«Հետո կողմերը հանդիպեցին, Վաշինգտոնում, հոկտեմբերին էլ քառակողմ փաստաթուղ ստորագրեցին Պրահայում՝ Եվրամիության ու Ֆրանսիայի միջնորդությամբ»,-ասել է Լավրովը, պնդելով, թե այդ փաստաթուղթը տրամագծորեն հակասել է Ռուսաստանի առաջարկած սկզբունքներին:
«Շատ կարևոր է կողմնորոշվել գլխավոր, սկզբունքային հարցերում։ Եվ այդ առումով այն, ինչ համաձայնեցվել էր Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև հոկտեմբերի սկզբին Պրահայում, շրջադարձային նշանակություն ունեցավ։ Դրանով կողմերը իրենք հայտնեցին, որ մտադիր են բոլոր խնդիրները լուծել ՄԱԿ-ի կանոնադրության ու 1991 թվի Ալա-Աթայում ստորագրված հռչակագրի հիման վրա։
Եթե դա այդպես է, իսկ որքան ես եմ հասկանում, այդպես է», - շարունակել է Լավրովը՝ առանց հեգնանքը թաքցնելու. «Ուրեմն իսկապես խնդրի լուծումը էականորեն հեշտանում է»։
Լավրովը վերջին օրերին արդեն երկրորդ անգամ է անդրադառնում այս հարցին։ Անցած ուրբաթ էլ նա մանրամասնել էր՝ ըստ այդ փաստաթղթի՝ միութենական պետությունները հաստատում են սահմաննների անխախտելիությունը Խորհրդային Միության պետությունների միջև գոյություն ունեցող սահմաններով, «որոնց համաձայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը միանշանակ Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետության մաս էր»։
«Եվ երբ դրան հավանություն են տալիս թե Հայաստանը, թե Ադրբեջանը, թե Ֆրանսիան, թե Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ առանց որևէ վերապահման, դա, իհարկե, հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ լուծում է հարցը, թե ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին»,- ասել էր Լավրովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրով. Ռուսաստանը առաջարկում էր առկախել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, բայց կողմերը Պրահայում այլ փաստաթուղթ ստորագրեցինԻ դեպ, ավելի քան երեսուն տարի առաջ Ալմա-Աթայում տեղի ունեցած այդ հանդիպմանը նախկին Խորհրդային Միության պետությունները ստորագրել էին ոչ միայն հռչակագիր, այլև ԱՊՀ ստեղծման համաձայնագրին կից արձանագրություն, որը Հայաստանի Գերագույն խորհուրդը վավերացրել էր մի շարք վերապահումներով, այդ թվում՝ Ղարաբաղի ազատ ինքնորոշման մասով։ Անցած հոկտեմբերին Պրահայում ստորագրված քառակողմ փաստաթղոում, սակայն, հղում է արվում ոչ թե այդ արձանագրությանը, որը Հայաստանի խորհրդարանը վավերացրել էր վերապահումներով, այլ՝ հռչակագրին, որը վավերացման ենթակա չի եղել։ Լավրովն այսօր կրկնել է՝ սա էլ ավելի է հեշտացնում իրենց գործը։ Ավելին, այսօր նա էլ է պնդել, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հիմնվի ՄԱԿ-ի կանոնադրության ու Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որով ինչպես ինքը՝ Լավրովն էր անցած շաբաթ ասել, Ղարաբաղի կարգավիճակի հարցը փաստացի փակվում է։
Ադրբեջանի արտգործնախարարը այսօր շնորհակալություն հայտնեց բոլոր կողմերին՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու համար։ Միաժամանակ ընդգծեց՝ բոլորի համար ակնհայտ է, որ Բաքուն իր օրակարգն ունի, հետևողական է իր դիրքորոշման մեջ և կշարունակի նույն ոգով առաջ շարժվել։