Թեհրանից իրարամերժ տեղեկություններ են ստացվում «բարոյականության ոստիկանության» լուծարման մասին։
Շաբաթ օրը կիսապաշտոնական ISNA գործակալությունը մեջբերել էր Իրանի գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնտազերիի խոսքերը, որոնց համաձայն, հանրային վայրերում կանանց պատշաճ հագուկապին հետևող «բարոյականության ոստիկանությունը» լուծարվել է։
Հաջորդ օրը պաշտոնական IRNA գործակալությունը հաղորդել էր Մոնտազերիի խոսքերի մեկ այլ տարբերակը, որի համաձայնմ Գլխավոր դատախազը ընդամենը արձանագրել էր, թե ոստիկանական այդ ստորաբաժանումը «չի ենթարկվում երկրի դատական համակարգին»։
Մինչ օրս Իրանի կառավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ երկրի Ներքին գործերի նախարարությունը, որևէ կերպ չեն մեկնաբանել «բարոյականության ոստիկանության» լուծարման մասին լուրերը։
Կանանց հանրային վայրերում իսլամի կանոններին համապատասխան պահվածքին, մասնավորաբար, գլխաշորի պարտադիր կրման պահանջի կատարմանը հետևող հատուկ ոստիկանական կառույցը ստեղծվել էր 2006 թվականին՝ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնավարման տարիներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում բարոյականության ոստիկանությունը լուծարվում է. լրատվամիջոցներ