Պետք է ամեն ինչ անել, որ Պուտինը Ուկրաինայում պարտվի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ուկրաինական ճակատում այս օրերին կացությունը լարված է, ռուսական զորքերը փորձում են մոտենալ Բախմուտին։ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը երեկ հայտարարել է Բախմուտի մոտ գտնվող Կուրդյումովկան գրավելու մասին, չնայած ուկրաինական կողմն այս տեղեկությունը չի հաստատում։

Նախագահ Զելենսկին, սակայն, երեկվա իր ուղերձում ասել է, թե իրավիճակը բարդ է ոչ միայն Դոնեցկի մարզում, որի ամբողջական գրավումը ռուսների առաջնահերթությունն է պատերազմի մեկնարկից ի վեր. «Իրավիճակը ճակատում բարդ է. չնայած ռուսական չափազանց մեծ կորուստներին՝ օկուպանտները դեռ փորձում են առաջ շարժվել Դոնեցկի մարզում, հաստատվել Լուգանսկի մարզում և առաջ գնալ դեպի Խարկովի մարզ, ինչ-որ բան են ծրագրում նաև հարավում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեսկով․«Կիևի հետ բանակցություններն այս պահին անհնարին են»

Այս գիշեր հանգիստ չէր նաև Ուկրաինային սահմանամերձ ռուսական շրջաններում։ Բրյանսկի մարզի Սուրաժում, մասնավորապես, գիշերը հրդեհ էր բռնկվել նավթամթերքի պահեստում։ Եվ սա առաջին դեպքը չէ, երբ ռուսական տարածքում նավթի պահեստ է գնդակոծվում։ Նախօրեին էլ հարևան Կուրսկի շրջանի նահանգապետն էր հայտնել, որ գնդակոծության հետևանքով երկու շրջան մասամբ հոսանքազրկվել է։

Ռուսական կողմը հոկտեմբերից զանգվածային հարվածներ է հասցնում Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքներին։ Ի պատասխան ուկրաինական ուժերը թիրախավորում են սահմանամերձ շրջաններում տեղակայված ռուսական էներգետիկ օբյեկտները։

Կիևը հայտարարում է, թե ռուսները ռմբակոծություններին ու առաջխաղացմանը արդյունավետ դիմակայելու համար իրենց անհրաժեշտ են արդիական ամերիկյան կործանիչներ ու հեռահար համակարգեր։ Այս հարցը քննարկվում է Բուխարեստում երեկվանից ընթացող ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հավաքին։ Լատվիայի արտգործնախարարը կոչ է արել թույլ տալ Կիևին հարվածել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախների վրա։ Այս պահին ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինային մատակարարում են հրետանային կայանքներ, որոնց հեռահարությունը չի գերազանցում 100-120 կիլոմետրը։

«Մենք պետք է թույլ տանք, որ ուկրաինացիները զենք օգտագործեն հրթիռային կայաններ կամ օդանավակայաններ ոչնչացնելու համար», ասել է Էդգարս Ռինկևիչսը՝ հավելելով, թե դաշինքի անդամները չպետք է վախենան հակամարտության սրացումից։ Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, թե պետք է ամեն ինչ անել, որ Պուտինը Ուկրաինայում պարտվի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստոլտենբերգ. «ՆԱՏՕ-ի համար այսօր հրատապը ոչ թե Ուկրաինայի անդամակցումն է, այլ հաղթանակը պատերազմում»

Այս հայտարարություններին զուգահեռ Պենտագոնի ներկայացուցչն ասել է, որ Վաշինգտոնը դեռ մտադիր չէ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային. «Մենք քննարկում ենք Ուկրաինային օգնելու տարբերակների լայն շրջանակ: Մենք պարբերաբար խորհրդակցում ենք ուկրաինացի գործընկերների և այլ դաշնակիցների հետ: ՀՕՊ օգնությունը մնում է առաջնահերթություն ԱՄՆ պաշտպանության նախարարության և միջազգային հանրության համար: Ինչ վերաբերում է Patriot համակարգերին, մենք չենք պլանավորում դրանք Ուկրաինային մատակարարել այս փուլում: Բայց, կրկնում եմ, այս հարցի շուրջ քննարկումները կշարունակվեն»։

Այսօր պատերազմի մասին անսպասելի հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ասելով, թե ռուսական ներխուժման սկզբից ի վեր ավելի քան 100,000 ուկրաինացի զինվոր և ավելի քան 20,000 խաղաղ բնակիչ է զոհվել։ Մի քանի ժամ անց տեսանյութի այս հատվածը հեռացվել է և նոր տեքստ է հայտնվել, որում չկա ուկրաինական կորուստների մասին հիշատակումը։ «Ուկրաինսկա պրավդա»-ի հարցմանն ի պատասխան՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ ռազմական կորուստների մասին տեղեկատվությունը գաղտնի է։

«Մենք չենք կարող հաստատել այս թիվը, մենք ընդգծում ենք, որ ուկրաինական բանակի կորուստները պաշտոնական տեղեկատվություն է և հրապարկման ենթակա չէ», - լրագրողներին ասել է Ուկրաինայի Զինված ուժերի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բոգդան Սենիկը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկի. «Ռազմաճակատում բարդ վիճակ է»

Եվրահանձնաժոովի ղեկավարը նաև շեշտել է, որ Եվրահանձնաժողովը Միջազգային քրեական դատարանի հետ համատեղ աշխատում է հատուկ դատական մարմին ստեղծելու շուրջ։

«Ռուսաստանը պետք է վճարի իր սարսափելի հանցագործությունների համար: Մենք կաշխատենք Միջազգային քրեական դատարանի հետ և կօգնենք ստեղծել հատուկ դատարան, որը կհետաքմնի Ռուսաստանի հանցագործությունները Ուկրաինայում», - ասել է նա։

Եվրահանձնաժողովի նախագահը Ուկրաինային պատերազմի պատճառած ֆինանսական վնասը գնահատել է 600 միլիարդ եվրո։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին, սակայն, ասում է, թե պատերազմից հետո երկիրը վերականգնելու համար կպահանջվի տրիլիոն դոլար։ Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ռուս օլիգախների և Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված միջոցները պետք է օտագործել այդ վնասը փոխհատուցելու համար։

Your browser doesn’t support HTML5

Պետք է ամեն ինչ անել, որ Պուտինը Ուկրաինայում պարտվի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար