Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է ձմեռը որպես զենք օգտագործել ուկրաինական պատերազմում, Բուխարեստում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հավաքին հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ Պուտինը «ձախողվում է» ռազմադաշտում, ինչը նշանակում է, որ Ուկրաինայի վրա ավելի շատ հարձակումներ կլինեն։ Դաշինքի գլխավոր քարտուղարը շեշտել է, թե չպետք է թույլ տալ Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում:
«Դա կնշանակի, որ մյուս ավտորիտար առաջնորդները նույնպես հնարավորություն կունենան բռնություն կիրառել՝ իրենց նպատակներին հասնելու համար», - ասել է նա։
Ըստ Bloomberg-ի՝ դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցում էական առաջընթաց չի լինի: Փոխարենը մասնակիցները պատրաստվում են քննարկել Ուկրաինային հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր և ամերիկյան կործանիչներ տրամադրելու հարցը։ Նախագահ Զելենսկին սեպտեմբերին էր պաշտոնական դիմում ներկայացրել դաշինքին անդամակցելու համար։
Չնայած Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցում առաջընթաց չի նախատեսվում, Արևմուտքը չի թուլացնում աջակցությունը Կիևին, ավելին՝ ամեն օր գրեթե հայտնում է նոր օգնության մասին։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, մասնավորապես, այսօր ավելի ուշ կհայտարարի օգնության նոր փաթեթի մասին։ Այս նոր փաթեթը պետք է օգնի վերականգնել Ուկրաինայի էլեկտրահամակարգը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի անանուն բարձրաստիճան պաշտոնյային:
Ռուսական աննախադեպ զանգվածայաին հրթիռակոծությունից հետո ուկրաինական էլեկտրահամակարգը մեծամասամբ չի աշխատում կամ աշխատում է խիստ սահմանափակ ռեժիմով։ Վաշինգտոնն աշխատում է կոմունալ սարքավորումներ մատակարարող ամերիկյան ընկերությունների և եվրոպական կառավարությունների հետ ուկրաինական համակարգը վերականգնելու հարցում, երեկ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին՝ հավելելով, թե այն, ինչ անում է Ռուսաստանը, «բացարձակ զզվելի է»:
«Պուտինի վերջին թիրախները հիմնականում քաղաքացիական են: Նա այսպիսով փորձում է ծնկի բերել Ուկրաինայի ժողովրդին, քանի որ չի կարողացել ծնկի բերել Ուկրաինայի զինված ուժերը», - նշել է նա:
Կրեմլը մինչդեռ կրկին հայտարարում է, թե «հատուկ ռազմական օպերացիան» շարունակվելու է, քանի դեռ Կիևը չի ընդունում բանակցություններ վերսկսելու Մոսկվայի պայմանները։
Նախագահ Պուտինի մամուլի քարտուղարն այսօր հայտարարել է. «Դե, դա պետք է լինի քաղաքական կամք, պատրաստակամություն՝ քննարկելու Ռուսաստանի այն պահանջները, որոնք հայտնի են։ Քանի դեռ դրանք բացարձակապես հերքվում են ուկրաինական կողմից, «հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է»։
Կրեմլը շարունակում է ակտիվ ռմբակոծել ուկրաինական բնակավայրերը: Նախագահ Զելենսկու խոսքով՝ միայն մեկ շաբաթվա ընթացքում 258 անգամ ռուսները ռմբակոծել են Խերսոն քաղաքը և 30 այլ բնակավայրեր։
Շաբաթներ առաջ ռուսական բանակը դուրս էր եկել Դնեպրի ձախ ափից ու նահանջել Խերսոնից, իսկ այժմ ինտենսիվ ռմբակոծում է թողած քաղաքը: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ռուսները պարզապես վրեժ են լուծում ուկրաինացիներիից։
«Դե, ի՞նչ ասեմ նրանց մասին, սա է Ռուսաստանին տիրացած այդ պատահական «ընկերների» իրական էությունը։ 20 տարի կառավարելուց հետո նրանք այնպիսի ավերածություններ ունեն իրենց սեփական տարածքի մի զգալի մասում, կարծես այնտեղ պատերազմ է եղել։ Նրանք ոչ մի բանի ընդունակ չեն, բացի ավերածություններից: Սա այն ամենն է, ինչ նրանք թողնում են իրենցից հետո: Եվ այն, ինչ նրանք հիմա անում են այսօր Ուկրաինայի դեմ, վրեժ լուծելու նրանց փորձն է», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:
Ուկրաինական բնակավայրերը ռմբակոծելուն զուգահեռ ռուսական ուժերը փորձում են առաջ գնալ Դոնեցկի մարզում՝ Բախմուտի մոտ։ Տևական ժամանակ շարունակվող ինտենսիվ հարձակողական փորձերից հետո քաղաքը դեռ ուկրաինական ուժերի վերահսկողության տակ է։ Ռուսական կողմը միևնույն ժամանակ հայտարարում է, թե ուկրաինական բանակը շուտով շրջափակման մեջ կհայտնվի Բախմուտի մոտ։ Ամերիկացի փորձագետների կարծիքով՝ դժվար թե դա տեղի ունենա առաջիկա օրերին։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, սակայն, կարծում է, որ ռուսները վերջին շրջանում սկսել են ավելի լավ կռվել:
«Երբ շատերը կարծում էին, որ Ուկրաինան կհաղթի, ռուսները սկսեցին ավելի լավ կռվել: Եկող ամիսներն ավելի ծանր են լինելու»,- ասել է Սերբիայի առաջնորդը:
Սերբիան Ռուսաստանի դաշնակիցն է և հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ Ուկրաինա ներխուժման պատճառով։