Հայ-թուրքական սահմանի բացման նպատակով տեխնիկական հարցերի քննարկումները շարունակվելու են, հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից՝ արձագանքելով «Ազատության» հարցին, թե ի՞նչ արդյունք է տվել երկու երկրների պատվիրակությունների վերջին հանդիպումը։ Գերատեսչությունից, սակայն, չեն հստակեցնում՝ երբ, որտեղ և ինչ ձևաչափով է նախատեսվում հաջորդ հանդիպումը։
«Պայմանավորվածությունների կիրարկմանը վերաբերող տեխնիկական հարցեր են քննարկվել։ Քննարկումները շարունակվելու են», - ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Հայ-թուրքական տեխնիկական պատվիրակություններն այս ամսվա սկզբին են հանդիպել: Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը նախօրեին թուրքական լրատվամիջոցներից մեկի եթերում հայտնել էր, որ երկու երկրների ներկայացուցիչները եղել են սահմանի երկու կողմում ու անգամ ճաշել Հայաստանի տարածքում։
«Քննարկվել են այն աշխատանքները, որոնք իրականացվելու են սահմանների բացման ժամանակ, կամրջի վերանորոգման, սահմանի վերահսկման, անցակետերի հետ կապված հարցեր: Այս առումով կարող ենք ասել, որ գործընթացում դրական տեղաշարժ կա», - ասել է նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոյեմբերի սկզբին «սահմանին տեղի է ունեցել հայ-թուրքական տեխնիկական պատվիրակությունների հանդիպում». ՔալընՈր սահմանին հանդիպել են երկու երկրների ներկայացուցիչները, ո՛չ պաշտոնական Անկարան, ո՛չ էլ Երևանը առանձին հաղորդագրությամբ չէին տեղեկացրել։ Ավելի վաղ Երևանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանն էր «Ազատությանը» հայտնել, որ հանդիպումը կայացել է նոյեմբերի 1-ին: Իշխող ուժի ներկայացուցիչը հաստատել էր՝ գործնականում մեկնարկել է կոնկրետ աշխատանքը, Ռուբինյանը ևս այն դրական էր գնահատել։
«Սահմանին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի և Թուրքիայի համապատասխան մի քանի գերատեսչությունների ներկայացուցիչների միջև: Կհիշեք, ես սրա մասին խոսել եմ նախկինում, որ նման հանդիպում նախատեսված է, և հանդիպմանը քննարկվել է այս պայմանավորվածությունների իրագործումը և ոչ միայն, քննարկվել են ընդհանուր առմամբ Հայաստան-Թուրքիա սահմանի ապաշրջափակման հետ կապված հարցերը», - ասել էր ԱԺ փոխնախագահը։
Թե հայաստանյան պատվիրակության կազմում ովքեր են եղել, հայկական կողմի բանագնացը չէր հայտնել։ Հայաստանի արտգործնախարարությունից էլ չեն հստակեցնում, հայտնում են միայն, որ դրանում ներգրավված են եղել հայ-թուրքական սահմանի բացմանն առնչվող գերատեսչությունների ներկայացուցիչները։
Երևանի ու Անկարայի միջև կարգավորման նոր գործընթացը մեկնարկել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Մինչ այժմ ամենամեծ ձեռքբերումն օդային հաղորդակցության վերականգնումն է, և համաձայնությունը՝ սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների առջև, օդային բեռնափոխադրումներ սկսել, սակայն այդ պայմանավորվածությունը իրագործելու պայմանները դեռ չեն հստակեցվել։ Կողմերը չեն խոսում նաև ժամկետների մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն իր կայացման գործընթացը չի կարող իրականացնել, քանի դեռ Թուրքիայի հետ հարաբերությունները չի կարգավորել․ ԳոչունյանԱնկարան չի թաքցնում և հրապարակավ բազմիցս է ասել, որ Երևանի հետ հաշտեցումը կախված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Երկու ամիս առաջ Պրահայում Փաշինյանի հետ հանդիպումից հետո «Ազատությունը» Թուրքիայի առաջնորդից հետաքրքվել էր՝ ի՞նչն է հիմա խանգարում սահմանների բացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Ռեջեփ Էրդողանն արձագանքել էր, որ սպասում են՝ մինչև հայ-ադրբեջանական հարաբերությունները կգան հասունության որոշակի աստիճանի. «Մեր հատուկ ներկայացուցիչներմ աշխատում են, ներգրավված են նաև արտգործնախարարները։ Նրանց աշխատանքներն ամփոփելուն պես կտեսնենք՝ ինչ կարող ենք անել: Հույս ունենք, որ հարաբերությունները Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավորինս շուտ բավականաչափ կջերմանան, ու խնդիրները կլուծվեն»։
Պրահայում հոկտեմբերի 6-ին Հայաստանի ու Թուրքիայի առաջնորդների հանդիպումը անցած 13 տարում առաջին անգամն էր։ Էրդողանի հետ հանդիպումից հետո Հայաստանի կառավարությունը հաղորդել էր, որ կողմերը նաև հայ-թուրքական սահմանի բացման հարցն են քննարկել, շեշտել երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացման շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը։ Այս հանդիպմանն է հաջորդել հայ-թուրքական պատվիրակությունների հանդիպումը սահմանի երկու կողմում։
Երևանն ու Անկարան հարբերությունների կարգավորման վերաբերյալ որևէ այլ տեղաշարժի մասին այս ընթացքում չեն հայտնել, ոչինչ հայտնի չէ նաև հատուկ բանագնացների հաջորդ հանդիպման վայրի ու ժամկետի մասին։