Մատչելիության հղումներ

Եղեռնից մի կերպ փրկված 14-ամյա աղջկա մասին պատմող անիմացիոն ֆիլմը Հայաստանը ներկայացրել է Օսկարի


Եղեռնից մի կերպ փրկված և Նյու Յորքում հայտնված 14-ամյա Արշալույս Մարտիկյանի մասին պատմող «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմը Հայաստանը Օսկարի է ներկայացրել «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։

Բայց լավագույն հնգյակում հայտնվելու համար հայկական հարցը դեռատի աղջնակի պատմության միջոցով ներկայացված ժապավենը շուրջ 9 տասնյակ ֆիլմերի հետ դեռ պետք է մրցի։ Հեղինակ Իննա Սահակյանը, սակայն, կարծում է՝ կարևոր քայլն արդեն արված է՝ առնվազն ամերիկացի կինոքննադատներն այն կդիտեն։ Ռեժիսորը հիմա Միացյալ Նահանգներում է՝ «Օսկարի» արշավն է անցկացնում։

«Նոմինացիայի համար ինքը բարդ և լուրջ արշավ է իրենից ներկայացնում և շատ մեծ մրցակցությամբ: Այնպես որ իրականում հույսերը քիչ են, բայց ունենք, իհարկե, հույս, որ ուշադրության կարժանանա», - նշեց հեղինակը:

15 թվականի ոճրագործությունների ժամանակ դեռատի աղջնակն ականատես է լինում իր ընտանիքի սպանությանը, գաղթի ճամփին հայտնվում թուրքական հարեմում ու հրաշքով ողջ մնում, որպեսզի գոնե գրքի, հետո կինոյի միջոցով աշխարհին պատմի իր ողբերգությունը։ «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմում դեպի Հոլիվուդ այս բարդ ճանապարհն է։

Քաղաքական վայրիվերումների հետևանքով՝ 1920-ականներին Ավրորայի հեղինակած «Հոշոտված Հայաստան» գրքի և «Հոգիների աճուրդ» կինոնկարի հանդեպ ուշադրությունը մարեց, ֆիլմի ամբողջական տարբերակն էլ հետագայում անվերադարձ կորավ։ Իննա Սահակյանը իր ժապավենում արդեն ծեր Ավրորայի հիշողություններով է այս պատմությունը վերապատմում։ Ինչպես ինքն է ասում՝ սա քաղաքականություն չէ, սա մի մարդու, մի փխրուն աղջկա ոդիսական է։

«Իհարկե, շատ ծանր պատմություն է, բայց հյումանիզմի հաղթանակի մասին է, դա էդպես գերնպատակ էր: Ուրախ եմ իրականում, որովհետև միջազգային ցուցադրությունների ժամանակ քաղաքական շեշտը էդպես չի, որ առաջին պլան է գալիս, մարդուն ապրումակցելու գիծը ավելի ընդգծված է լինում: Եվ իհարկե, թեմա բացվում է, երկխոսության առիթ է առաջանում նաև թե՛ պատմական և թե՛ այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակների մասին», - ընդգծեց Սահակյանը:

Ավելի քան 7 տարվա ընթացքում ստեղծված ֆիլմը, հեղինակի խոսքով, դեռ նախագծային փուլում թուրքական լոբբիի թիրախում էր հայտնվել։ Հիմա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հերթական փորձի այս շրջանակում, անախորժ իրավիճակներ գրեթե չեն ստեղծվել «Ավրորայի լուսաբացի» համար։

«Լուրջ ընդվզումներ, լուրջ բողոքներ չեն եղել թուրքերի կողմից և ի ուրախություն ինձ, որովհետև մի կողմից կար մտավախություն, լսում էի կարծիքներ, որ կարող է այսօր մեր քաղաքական դիրքորոշմանը չնպաստի ֆիլմը ու պետությունը չաջակցի ֆիլմին, բայց ուրախ եմ նշել, որ ինչքանով հնարավոր է, ունենք պետական աջակցությունը և ցուցադրությունների ժամանակ էլ կառավարությունը ներկա է եղել և միայն դրական արձագանքներ ենք ստացել», - նշեց Իննա Սահակյանը:

Դեպի «Օսկար» ճանապարհին «Ավրորայի լուսաբացը» ժապավենը մի քանի միջազգային փառատոնների միջով է անցել՝ մրցանակներ ստանալով։ Ամռանն էլ Երևանում «Ոսկե Ծիրանի» երկրորդ մրցանակին արժանացավ։ Օրեր առաջ Միացյալ Նահանգներում կայացավ «Ավրորայի լուսաբացի» պրեմիերան, երևանյան ցուցադրությունն այս շաբաթ է սկսվել և կտևի մինչև նոյեմբերի 17-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG