Բրյուսելը չի հրաժարվել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների ու Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպումը կազմակերպելու գաղափարից։ Ինչպես տեղեկացրել է Եվրամիությունում (ԵՄ) «Ազատության» դիվանագիտական աղբյուրը, կապի մեջ են երկու կողմերի հետ՝ նախապատրաստելու նոր հանդիպում։ Նախագահ Շառլ Միշելի համար, «Ազատության» աղբյուրի ձևակերպմամբ, «դա կարևոր է»։ Բայց բանակցությունների կոնկրետ օր դեռ չի նշվում։
Նախօրեին Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսվող հանդիպումը տեղի չի ունենա հայկական կողմի դիրքորոշման պատճառով։ Շեշտել էր՝ «Փաշինյանը համաձայնել է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ «Դա նշանակում է, որ հանդիպումը տեղի չի ունենա», - ասել էր Ադրբեջանի նախագահն ու հավելել, թե Ֆրանսիան «հակաադրբեջանական կողմնակալ դիրքորոշում» որդեգրելու բերումով այլևս չի կարող մասնակցել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին:
Երևանն ի պատասխան հայտարարեց՝ պատրաստ է այդ բանակցություններին նախկին ձևաչափով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը․ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը ԱլիևինԱյսօր էլ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն է թվիթերյան գրառմամբ պնդել՝ Ադրբեջանը Պրահայում համաձայնել է շարունակել հանդիպումը քառակողմ ձևաչափով։
«Տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պետք է լինի նույնը։ Այդ իսկ պատճառով մենք հույս ունենք, որ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ Էմանյուել Մակրոնի և Շառլ Միշելի մասնակցությամբ»,- եզրափակել է հայաստանցի պաշտոնյան։
Արդյոք Իլհամ Ալիևին կհաջողվի ինչպես ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող Մինսկի խմբի դեպքում, Ֆրանսիայի նախագահին էլ դուրս մղել բանակցություններից։
Երեկ Բաքու այցելած Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը հորդորել է Ադրբեջամին ու Հայաստանին պլանավորել հետագա բանակցությունները։ Բաքվից օրերս վերադարձած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ Թվիթերում գրել էր, թե Ադրբեջանի նախագահը հավատարիմ է Եվրամիության ֆորմատին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռիքերը Բաքվին և Երևանին հորդորել է պլանավորել հետագա բանակցություններըԱդրբեջանը հայտարարել է դեկտեմբերի 7-ի հանդիպման չեղարկման մասին, Հայաստանից հստակ հայտարարություն չի եղել։ «Ազատությունը» կառավարությունից փորձեց ճշտել՝ արդյոք դեռ կա հնարավորություն, որ այդ հանդիպումը կկայանա։ Լրատվականից փոխանցեցին՝ հրապարակային հայտարարություններին ավելացնելու բան չունեն։ Իսկ հրապարակային եղել է Ալիևի հայտարարությունը, որ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա, ու հայկական կողմից հանդիպելու պատրաստակամություն՝ ընդունելի ժամկետներում ու քառակողմ ձևաչափով, ինչպես իր երեկվա հարցազրույցում նշել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել են հոկտեմբերի 31-ին Սոչիում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սոչիի պայմանավորվածություններից 10 օր անց Երևանն ու Բաքուն կոշտ մեղադրանքներ են փոխանակումԵվ ահա բրյուսելյան հանդիպման հնարավոր տապալման ֆոնին՝ Կրեմլը հայտարարեց հայ-ադրբեջանական բանակցությունների հարթակ տրամադրելու պատրաստակամության մասին։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է՝ բրյուսելյան հանդիպման չկայանալը բխում է Ռուսաստանի շահերից։
«Ռուսաստանը փորձում է հայ-ադրբեջանական համատեքստում ընթացող բոլոր գործընթացները պահպանել տարածաշրջանային տարբեր անձրևանոցների ներքո՝ լինի դա ռուսական միջնորդությունը, թե ռուս-թուրքական, օրինակ, միջնորդությունը, և նմանատիպ զարգացումները բխում են Ռուսաստանի շահերից: Այս փուլում, կարծում եմ, Մոսկվան ավելի շատ, իհարկե, հետաքրքրված է ապաշրջափակման գործընթացում տեղի ունեցող զարգացումներով և մոտ ապագայում փորձելու է հենց այս օրակարգով առաջ շարժվել և ինչ-որ արդյունքների հասնել», - նշեց նա:
Բանակցությունների տապալման ֆոնին՝ սահմանային իրավիճակն է լարվել, Բաքուն ու Երևանը ամեն օր, երբեմն օրը մի քանի անգամ հրաձգության մեղադրանքներ են փոխանակում։ Ու չնայած դիվանագիտական ու ռազմական ճակատում փոխադարձ կշտամբանքներին, կողմերը շարունակում են աշխատանքը խաղաղության համաձայնագրի շուրջ։ Օրինակ՝ Հայաստանի արտգործնախարարը երեկ ասել էր՝ Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ իր առաջարկներն ու նախօրեին ստացել պատասխանը։ Արարատ Միրզոյանը, սակայն, չէր մանրամասնել, ոչ հայկական կողմի առաջարկները, ոչ էլ Բաքվի պատասխանը։ Խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները պաշտոնապես մոտ երկու ամիս է ընթանում են, բայց մինչև հիմա պարզ չէ՝ ինչ սկզբունքների հիման վրա։