Ադրբեջանի նախագահը հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունն այս գլխից վերցնում է իր վրա, «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը պատմական քարտեզների հիման վրա իրականացնելու մասին Բաքվից հնչող հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը՝ երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը։
Հարցազրույցում Միրզոյանն անդրադարձել է նաև ադրբեջանական կողմի պնդումներին, թե Հայաստանը հրաժարվել է Բրյուսելում եռակողմ հանդիպմանը մասնակցելուց, խոսել խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքներից, գնահատել տարածաշրջանում առկա իրավիճակը:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարությանը, որ հայկական կողմը հրաժարվել է Բրյուսելում եռակողմ հանդիպման մասնակցությունից, Արարատ Միրզոյանն ընդգծել է՝ «Պահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այս պայմանավորվածությանը և կրկին պատրաստակամություն ենք հայտնում ընդունելի ժամկետներում կազմակերպել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը»։
Հարցին՝ «Բաքուն կրկին հնչեցնում է պատմական քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացն իրականացնելու մասին թեզը։ Ի՞նչ դիրքորոշում ունի Երևանն այս առնչությամբ», արտաքին գործերի նախարարը պատասխանել է. - «Նման հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը՝ երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը»։
«Այդ հանձնառության շրջանակներում սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն 1991 թվականի՝ ԽՍՀՄ փլուզման ամսաթվի դրությամբ գոյություն ունեցած և իրավական ուժ և նշանակություն ունեցած իրավական ակտերի հիման վրա, ընդ որում՝ նույն ամսաթվի դրությամբ քարտեզագրում իրականացնելու, քարտեզներ կազմելու և քարտեզներ հրապարակելու պատշաճ լիազորություններ ունեցող կառույցների պաշտոնական փաստաթղթերի հիման վրա», - ասել է Միրզոյանը հավելելով՝ «պատմական քարտեզների մասին խոսելն առնվազն անհասկանալի է՝ և՛ ըստ սահմանման, և՛ ըստ բովանդակության»:
Նա ընդգծել է նաև պատմական քարտեզների ընդհանրական հռետորաբանության «վտանգավորությունը մեր երկրների անկախության համար, որովհետև եթե շեշտ դնենք պատմական քարտեզների վրա, կարող է պարզվել, որ և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ առավել ևս Ադրբեջանի Հանրապետության այսօրվա տարածքները դարերով եղել են այլ պետությունների տարածքներ»:
«Այս համատեքստում ևս մեկ հանգամանքի վրա կցանկանայի ուշադրություն հրավիրել. չնայած որ թե՛ 2021թ․նոյեմբերի 26-ի Սոչիի, թե՛ 2022թ․ ապրիլի 6-ի Բրյուսելի հանդիպման արդյունքներով ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ հանձնաժողովների ստեղծումը նախևառաջ սահմանային անվտանգության նպատակ է հետապնդում, համապատասխան հանձնաժողովների ստեղծումից հետո՝ 2022թ սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիա իրականացվեց և նոր տարածքներ օկուպացվեցին Ադրբեջանի կողմից, ինչը կասկածի տակ է դնում ոչ միայն պայմանավորվածությունները և միջազգային իրավունքը հարգելու Բաքվի ցանկությունը, այլև այդ հանձնաժողովների աշխատանքների նկատմամբ իր մտադրություններն առհասարակ», - ասել է Միրզոյանը:
|Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի պնդմանը, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, արտգործնախարարը նշել է. «Բայց իր ելույթներում անընդհատ նշելով, թե Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ադրբեջանի նախագահը ոչ մի անգամ չի ասում, թե Ադրբեջանն էլ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս փաստը և զանազան «պատմական» քարտեզների հիշատակումը նշանակո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ:
Ադրբեջանի նախագահը հայտարարում է նաև, որ իր երկրի շուրջ խաղաղություն է հաստատված և էսկալացիայի վտանգ չկա, ապա այլ հարցին ի պատասխան` հայտարարում է, որ եթե Հայաստանը չստորագրի խաղաղության պայմանագիրը, ապա խաղաղություն չի լինի: Սա նշանակում է, որ որևէ հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունը այս գլխից Ադրբեջանի նախագահը վերցնում է իր վրա, հատկապես որ Հայաստանը լիարժեք ներգրավված է խաղաղության հաստատման բովանդակային քննարկումների մեջ»:
«Իրավիճակը շարունակում է չափազանց լարված մնալ»
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ ընթացող աշխատանքներին Արարատ Միրզոյանը նշել է. «Մենք Ադրբեջանին ենք ներկայացրել մեր առաջարկները հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ և նախօրեին ենք միայն ստացել նրանց պատասխանները: Այսպիսով՝ քննարկումները շարունակվում են»:
Միրզոյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի պնդմանը, թե Հայաստանը հրաժարվում է տրամադրել ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ՝ նշելով, որ Հայաստանը միակողմանիորեն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի՝ իր մոտ առկա բոլոր քարտեզները, չնայած նման հանձնառության բացակայությանը ինչպես եռակողմ պայմանավորվածությունների, այնպես էլ միջազգային իրավունքի շրջանակներում: Ինչպես նաև, ըստ ԱԳ նախարարի, պատրաստակամություն հայտնել միջազգային գործընկերների հետ համագործակցաբար աջակցել փոխանցված քարտեզների վերծանմանը։
Նա նաև ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ականներ տեղադրվել են դեռևս Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում և դա հիմնականում իրականացվել է Ադրբեջանի կողմից։ «Հայկական կողմի համագործակցության կոչերը մնացել են անարձագանք և, ավելին, Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտներ է հարուցել ականազերծման աշխատանքների իրականացմանը։ Տվյալ ոլորտում Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու հարցի շահարկման արդյունքում 2017թ․ Ադրբեջանի կողմից նույնիսկ արգելափակվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը»։
«Ինչ վերաբերվում է Ադրբեջանի այն հրապարակումներին, թե Լեռնային Ղարաբաղում հայկական կողմը հայկական արտադրության ականներ է տեղադրել, պիտի արձանագրեմ, որ ցուցադրված ականները ադրբեջանական կողմը հայտնաբերել է ոչ թե ԼՂ-ում, այլ իր կողմից 2021-22թթ. օկուպացրած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում և հիմա փորձում է դրանք օգտագործել քարոզչական նպատակներով», - հավելել է Միրզոյանը:
Անդրադառնալով Ադրբեջանից հնչող մեղադրանքներին, որ Լեռնային Ղարաբաղում շարունակում են տեղակայված մնալ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ, ըստ Արարատ Միրզոյանի, սա որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։
«Մեր այս պնդման իսկությունը ստուգելու համար վարչապետ Փաշինյանի կողմից անգամ առաջարկ է եղել միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ, ինչը մերժվել է Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից», - ասել է արտգործնախարարը։
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ իրավիճակը շարունակում է չափազանց լարված մնալ, և մեր միջազգային բոլոր գործընկերները պիտի հավելյալ ջանքեր գործադրեն՝ զսպելու Ադրբեջանի նկրտումները և պահպանելու Հարավային Կովկասում առկա փխրուն խաղաղությունը:
Նա նաև նշել է, որ չնայած տարբեր ուղղություններով ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի կողմից չեն դադարում առավելապաշտական և ռազմատենչ հայտարարությունները, հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքները և ուժի գործադրման սպառնալիքները։