Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը հեղափոխությունից հետո հարուցված մի քրեական գործով դեռ մեկուկես տարի առաջ պետությանը 7 միլիոն դոլար է վճարել՝ ազատվելով քրեական հետապնդումից։
Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» տեղեկացրել են, որ այս գումարը Սարգսյանը վճարել է որպես հանցագործությունների հետևանքով պատճառված վնաս, տույժ ու տուգանք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալեքսանդր Սարգսյանը ԱԱԾ-ում հարցաքննությունից հետո ազատ է արձակվելԸստ դատախազության՝ Սարգսյանին առնչվող քրեական գործը հարուցվել էր հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումներից չարամտորեն խուսափելու հոդվածով, որով նախատեսվում է 5-10 տարի ազատազրկում գույքի բռնագրավմամբ։ Իրավապահները, փաստորեն, չեն շարունակել քրեական հետապնդումը ու գործը դատարան չի հասել հենց այն պատճառով, որ Սարգսյանը կամովին վճարել է ժամանակին թաքցրած հարկերը։
«Ասում էր չէ՞ բա հարցնելու են՝ ո՞ւր է Սաշիկի 50 տոկոսը։ Ասում եմ` ո՞ւր ա։ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը հայաստանյան մենակ մի բանկում ունի 30 մլն դոլար, և այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ»,- վարչապետ Փաշինյանն այս մասին խոսել էր 2018-ի հեղափոխությունից ամիսներ անց։
Գլխավոր դատախազությունը նշում է, որ 66-ամյա Սարգսյանը բացի 7 միլիոն դոլարից, 20.5 միլիոն դոլար էլ նվիրաբերել է Արցախի զինված ուժերին և զինծառայողների հիմնադրամին։
Փաստորեն, Ալեքսանդր Սարգսյանը պետությանը ընդհանուր 27.5 միլիոն դոլար է փոխանցել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բերման են ենթարկվել Ալեքսանդր Սարգսյանը և Վաչագան Ղազարյանը«Ազատության» հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազությունը Սարգսյանին առնչվող երկու քրեական գործն է մատնանշել, որոնցում որևէ խոսք չկա տարիներ շարունակ տարբեր բիզնեսներում ապօրինի 50 տոկոս փայ մտնելու պնդումներից: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը խոսում էր նաև ընդդիմադիր պատգամավոր եղած տարիներին՝ կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ընթացքում իշխանություններին հորդորելով ստուգել այդ լուրերը:
«Օդում շարունակում են կախված մնալ նաև լուրերն այն մասին, որ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, որ հանրության շրջանում հայտնի է Սաշիկ սարսափազդու անունով, 50 տոկոս փայ է մտնում բոլոր այն ռեստորաններում, արտադրամասերում և բիզնեսներում, որոնք իրեն դուր են գալիս», - ասել է Փաշինյանը:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի գնահատմամբ՝ իշխանության գալով Փաշինյանի թիմը չի արդարացրել հանրության սպասելիքները։
«Իրականում շատ հաճախ ոչ փաստարկված էսպիսի ամպագոռգոռ հայտարարությունները իրավապահ դաշտում կամ քրեական գործերի շրջանակներում չեն ապացուցվում։ Որոշակի դրամական փոխհատուցման միջոցով մարդիկ ազատ են արձակվում, ինչը ստեղծում է տպավորություն, որ դրանք ուղղակի անհիմն էին, կամ էլ ավելի շատ իրավապահ համակարգը պատշաճ քննություն չի կատարել, կամ բավարար փաստեր չի հավաքել։ Երկու դեպքում էլ մենք գործ ունենք կա՛մ իշխանության ղեկին կանգնած անձանց չափազանցեցված մոտեցումների, կա՛մ թերացումների՝ իրավապահ համակարգի կողմից», - ասաց իրավապաշտպանը։
Բացի հարկեր չվճարելուց, Սարգսյանը մեղադրվում էր նաև Մարտիրոս Սարյանի գծանկարների հափշտակության համար, բայց այս գործն էլ փակվել է հանցակազմի բացակայության հիմքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարտիրոս Սարյանի ծոռը մոլորության մեջ է եղել. Սոֆյա ՍարյանԸստ իրավապահների, հենց Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանն էր Սարյանի ժառանգի վստահությունը չարաշահելով վերցրել 280 հազար դոլար արժողությամբ գծանկարները՝ խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Իրավապահները պնդում էին, թե նկարներին տիրանալուց հետո Սարգսյանները խոստումը չէին կատարել։
Քննությունից հետո պարզվել է, որ նախկին նախագահի ազգականները հանցագործություն չէին արել՝ իրենց բնակարանում պահելով հայտնի նկարչի գործերը: Այնինչ դեռ 2018-ի հուլիսին Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ 9 ժամ խուզարկել էր Սարգսյանների բնակարանը, ինչից հետո Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։ Նկարչի գործերը տեղափոխվել էին Ազգային պատկերասրահ, բայց հետո վերադարձվել Սարգսյաններին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացնում Սերժ Սարգսյանի եղբոր բնակարանում