ԱԱԾ գործողությունների մասին պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա։
ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ ավելի ուշ մանրամասներ կհաղորդվեն և տեսանյութ կտրամադվի։
Հունիսի 25-ին ոստիկանությունը Սայաթ-Նովա փողոցից բերման էր ենթարկել Ալեքսանդր Սարգսյանին՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով: Ժամեր անց նա ազատ էր արձակվել։ Ոստիկանությունը հայտարարեց, որ ստուգվում է նրա մոտ հայտնաբերված զենքի օրինականությունը։
Ավելի ուշ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պարզաբանեց, որ Ալեքսանդր Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքը եղել է օրինական։
«Ազատության» հարցին, թե նրա հետ կապված այլ կասկածներ, այլ օպերատիվ տեղեկություններ կա՞ն, Օսիպյանը պատասխանել էր. - «Այս պահին սահմանափակվենք այսքանով։ Մշտապես ոստիկանությունն ունենում է օպերատիվ տեղեկություններ, որևէ բան լինելու դեպքում, վստահեցնում եմ Ձեզ, կտեղեկանաք»։
Նշենք, որ 62-ամյա Ալեքսանդր Սարգսյանը, ով ավելի հայտնի է Սաշիկ անունով, 2003-2011 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, մամուլը նրա անունը կապում է բազմաթիվ բիզնեսների հետ:
Ալեքսանդր Սարգսյանի հարևանների համար Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հայտնվելը Թումանյան 11 հասցեում «սպասելի էր»:
«Ես արդեն մոտ մի ամիս ա, սպասում եմ էս օրվան», - «Ազատության» հետ զրույցում ասաց նրանցից մեկը: - «Էստեղ վրեժխնդրություն ու ոխերիմություն չկա: Ես իմ երկու ականջով ընտրական տարածքում՝ 114 դպրոցում, լսել եմ․․․ տեսել եմ ոնց մտավ Սաշիկ Սարգսյանը իր զինված թիկնազորով, ոնց երբ որ նստեց բաց քվեարկության և իրեն ասացին ընդամենը՝ պարոն Սարգսյան, Դուք օրենք եք խախտում, մտեք խվեախուց, ինքը բարձր հայհոյեց ամենաայլանդակ բառերով ու ասեց՝ էս իմ երկիրն ա, ինչ կուզեմ, կանեմ: Եթե նույնիսկ իրա նկատմամբ որևէ այլ իրավական գործողություն տեղի չունենա, մենակ էն փաստը, որ իրա դուռը եկան-կանգնեցին, և նա հասկացավ, որ սա իրա երկիրը չի, չի կարող անել ինչ ուզում ա, դա ինձ շատ մեծ բավարարություն է պատճառում»: