Մատչելիության հղումներ

Նարեկ Սարգսյանը` երրորդ նախագահի եղբորորդին, կրկին կալանավորվել է


Նարեկ Սարգսյան, արխիվ
Նարեկ Սարգսյան, արխիվ

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կրկին կալանավորվել է։ Վճռաբեկ դատարանը երեկ բեկանել է պատերազմի օրերին Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը, որով Սարգսյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։

Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոք էր ներկայացրել գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը. «Վճռաբեկ դատարանը բավարարել է իմ կողմից ներկայացված բողոքը, գտել է, որ բողոքը հիմնավոր է, այսինքն` բավարար են եղել մեր փաստարկներն այն մասին, որ կալանավորման հիմքերն առկա են, և կալանավորումը գրավով փոփոխելու մասին որոշումը եղել է ոչ հիմնավոր»:

Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը մեղադրվում է անհայտ անձից ապօրինի կերպով ատրճանակներ և ռազմամթերք հանդիսացող 168 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ ձեռք բերելու, ինչպես նաև առանց իրացնելու նպատակի խոշոր չափի թմրամիջոցներ պահելու և հետագայում այլ վայր փոխադրելու համար։ Ըստ Վճռաբեկ դատարանի՝ Սարգսյանին կալանքից ազատելիս Վերաքննիչը պատշաճ չի գնահատել, որ նա տևական ժամանակ հետախուզման մեջ է գտնվել և «գործուն ջանքեր է գործադրել քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ուղղությամբ»։

2018-ի հեղափոխությունից հետո ամիսներ շարունակ հետախուզման մեջ գտնվելուց հետո Սերժ Սարգսյանի եղբորորդին հայտնաբերվել էր Չեխիայում՝ ներկայացնելով Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` այս հանգամանքն ունի առանցքային նշանակություն` ազատության մեջ գտնվելու դեպքում Նարեկ Սարգսյանի կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը գնահատելիս:

Վճռաբեկ դատարանը փաստում է՝ Սարգսյանին կալանավորելու ակտը բեկանելիս Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը պետք է հիմնված լիներ ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա և ունենար պատճառաբանվածության առավել բարձր աստիճան։

«Այլ որոշման չէինք էլ սպասում»,- ասում է Նարեկ Սարգսյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։ Ըստ նրա՝ գործողությունների արագ ընթացքն էր թույլ տալիս այդ կերպ մտածել։ Փաստաբանի խոսքով` Վճռաբեկ դատարանին ոչ բնորոշ արագությամբ է Վերաքննիչի որոշումը բեկանվել:

Մեժլումյանը պնդում է՝ իր պաշտպանյալին կալանավորելու անհրաժեշտություն ի սկզբանե չի եղել։ Փաստաբանն ընդգծում է՝ Նարեկ Սարգսյանը Վերաքննիչ դատարանի որոշումից հետո շուրջ 5 ամիս գտնվել է ազատության մեջ ու որևէ անօրինական արարք չի գործել, բոլոր դատական նիստերին ներկայացել է, ուստի ըստ Կարեն Մեժլումյանի` Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված և օրինական էր։

Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու խնդրել դատավարությունն արագացված կարգով անցկացնել։ Գործով հերթական դատական նիստի օր է նշանակված ապրիլի 22-ին։

XS
SM
MD
LG