Անի խոշորացված համայնքում կառավարման ճգնաժամը չի հանգուցալուծվում

Անի խոշորացված համայնքում տեղական ընտրություններից երկու ամիս անց կառավարման ճգնաժամը չի հանգուցալուծվում։ Համայնքի ղեկավար ընտրելու հարցով տապալված նիստերից հետո կառավարությունն շուտով կդադարեցնի նորընտիր ավագանու լիազորությունները և արտահերթ ընտրություններ կնշանակի, իսկ վարչապետը՝ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։

Նիստերը չէին կայանում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հայկական երազանք» դաշինքի բոյկոտի պատճառով, ընդ որում, մեծամասնություն չստացած ՔՊ-ի անդամները չեն էլ թաքցնում, որ նիստերին չեն գնում արտահերթ անցկացնելու նպատակով։ Այսօրվա բոյկոտին միացել էր նաև հաղթող ուժը՝ «Ազգ-համայնք» դաշինքը, որի առաջին համարը 18 տարի Անին ղեկավարած նախկին համայնքապետն էր։

Ընտրություններին հաջորդած երկու ամսվա ընթացքում ոչ «Ազգ-համայնքին», ոչ էլ «Քաղաքացիական պայմանագրին» չհաջողվեց կոալիցիա կազմել վճռորոշ երեք մանդատը ստացած «Հայկական երազանքի» հետ ու մեծամասնություն դառնալ։ Արդյունքում Անին արդեն երկու շաբաթ է փաստացի համայնքապետ չունի։։ Պարտականությունները կատարում է համայնքապետի տեղակալը։ Մարտիրոս Դարբինյանն ասաց՝ համայնքապետարանի աշխատակիցների մեծ մասը դիմում է գրել ու աշխատանքից դուրս եկել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անի խոշորացված համայնքն այսօրվանից փաստացի ղեկավար չունի

«Կոլեկտիվը միասնական է, քանի որ ներկայումս ոչ մեկս էլ չգիտենք ինչ է տեղի ունենալու, հետևաբար այդ մարդիկ որոշեցին այդպես, իրենց դիմումի համաձայն ազատվեցին աշխատանքից, աշխատակազմի 90 տոկոսից ավելին», - ասաց Դարբինյանը:

Ինքն էլ է պատրաստվում դիմում գրել, սպասում է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանը։ Մոտ 21 հազար բնակչությամբ 19 բնակավայրեր միավորող Անիի համայնքապետարանի աշխատանքն այս պահին պարալիզացված է. - «Այն մարդիկ, որոնք աշխատում էին պատասխանատու հաստիքներում, այդ մարդիկ աշխատանքից ազատված են այսօրվանից՝ իրենց դիմումի համաձայն»:

Սեպտեմբերի 25-ի ընտրություններին մասնակցած երեք ուժերի ներկայացուցիչները ավելի վաղ «Ազատությանն» ասել էին, որ նաև արտահերթին կմասնակցեն։ Ըստ ընտրական օրենսգրքի՝ արտահերթ ընտրությունները նշանակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ՏԻՄ ընտրությունների անցկացման ժամկետին ամենամոտ օրը։ ԿԸՀ-ն օրերս հաջորդ տեղական ընտրությունների երեք ժամկետ է սահմանել՝ մարտի 26, հունիսի 11 և հոկտեմբերի 29։ Այսինքն, Անի խոշորացված համայնքում արտահերթ ընտրությունը գարնանը տեղի կունենա։