Մատչելիության հղումներ

ՏԻՄ ընտրություններից հետո Շիրակի մարզի Անի համայնքում որևէ ուժ միայնակ իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ քվեներ չի ստացել


Անի խոշորացված համայնքում տեղական ընտրություններին մասնակցած երեք քաղաքական ուժերից ոչ մեկը միայնակ իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ ձայները չի հավաքել։

Սակայն ո'չ ամենաշատ քվեն ստացած գործող համայնքապետի «Ազգ-համայնք» դաշինքը, ո'չ երկրորդ տեղը զբաղեցրած «Քաղաքացիական պայմանագիրը», ո'չ «Հայկական երազանք» դաշինքը չեն բացահայտում, թե արդյոք կոալցիա կազմելու շուրջ բանակցություններ անցկացնում են։

Իր երեք մանդատով իշխանություն ձևավորելու հնարավորություն կարող է տալ «Հայկական երազանք» դաշինքը։ Դաշինքի առաջին համարը՝ գործող ավագանու ընդդիմադիր անդամ Ագուն Սաղաթելյանը մեր հեռախոսազանգերին չի պատասխանում։ Իր ֆեյսբուքյան էջում նա չի բացառել մյուս ուժերից մեկին միանալու հնարավորությունը. - «Պաշտոնապես ամրագրենք, որ մեզ որևէ թիմի միանալու նախաձեռնությամբ հանդես գալով չեք տեսնելու։ Եթե որևէ թիմ մեզ միանալու նախաձեռնությամբ հանդես կգա, կքննարկենք մեր թիմակիցների ու ընտրողների հետ՝ ելնելով միայն և միայն Անի համայնքի ու բնակիչների շահերից»:

Մեկնաբանություններից խուսափում է նաև «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Արման Սարիբեկյանը։ նրան Մարալիկում հանդիպեցինք, սակայն միայն ասաց, թե այս պահին ասելիք չունի։ Ամենաշատ ձայները ստացած գործող համայնքապետ Արտակ Գևորգյանն էլ «Ազատության» այցելության պահին աշխատավայրում չէր, նա ևս հեռախոսազանգերին չի պատասխանում։

Ի դեպ, թեև անցած չորս տարիներին Գևորգյանի հրաժարականի պահանջով Մարալիկում անցած տարիներին պարբերաբար բողոքի ակցիաներ են եղել, սակայն նա իշխող կուսակցության թեկնածուից մոտ 700 ձայն ավելի է ստացել։ Գործող համայնքապետը համայնքային բյուջեն յուրացնելու երկու քրգործով էր անցնում, դրանցից մեկը կարճվել է, մյուսն էլ հասել է վերաքննիչ ատյան։

Առաջիկա հինգ տարիներին ո՞վ կղեկավարի 19 բնակավայր ընդգրկող Անին։ Այս հարցը այնքան էլ չէր հետաքրքում ամենամեծ համայնքի՝ Մարալիկի բնակիչներին։ Շատերը նույնիսկ չէին մասնակցել քվեարկությանը։

Այդուհանդերձ, ոմանք կարծում են, որ քաղաքական ուժերը համաձայնության կգան. - «Պըտի էնպես էղնի, որ մեկըմ էղնի, խելոք նստին, մարդ էղնին, էս բանը ղեկավարեն։ Ամոթ էլ է, ամո'թ»։

Անի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը կկայանա ուղիղ մեկ ամսից, առաջին նիստում էլ հենց համայնքի ղեկավար պետք է ընտրվի։

Շիրակի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Արամ Անտոնյանն ասում է՝ ըստ օրենքի, նիստը պետք է շարունակվի այնքան, մինչև նոր ղեկավար ընտրվի. - «Համայնքի ղեկավար ընտրվելու հետ կապված առաջին նիստը անընդհատ է, անընդմեջ է, բացառությամբ հանգստի և ընդմիջման ժամերը։ Այսինքն՝ էնքան նիստը պիտի շարունակվի, մինչև համայնքի ղեկավար ընտրվի։ Դրա համար մի քանի փուլեր նախատեսվել են օրենքով։ Առաջինը, եթե որևէ մեկը չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ ընտրված լինելու համար, երկրորդ փուլում քվեարկվում են առավել ձայներ հավաքած թեկնածուները։ Հիսուն պլուս մեկ՝ բացարձակ մեծամասնություն եթե չի հավաքում ձայներ, երրորդ փուլում կա'մ առավելագույն ձայներն է, կա'մ առավելությունը տրվում է տարիքով ավագ թեկնածուին։ Եթե կոալիցիա չի ձևավորվում, որևէ խմբակցության առաջադրած թեկնածուին մյուս խմբակցությունից քվեարկեն և էդ ձևով ընտրվի։ Այսինքն՝ պարտադիր չի, որ կոալիցիա պետք է ձևավորվի»։

Չի բացառվում, որ ավագանու առաջին նիստը չկայանա: ՏԻՄ օրենքը նաև այս հարցն է կարգավորում. - «Եթե առաջին նիստը չի կայանում, եթե քսանօրյա ժամկետում էդ առաջին նիստը փորձում են հրավիրել և չի կայանում, դրանից հետո արդեն հետևում է, որ վարչապետի կողմից նշանակվում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար, և արդեն դրանից հետո նշանակվում են ավագանու նոր ընտրություններ»։

Նախորդ տեղական ընտրություններում մի քանի համայնքներում, որտեղ իշխող «Քաղպայմանագիրը» պարտվել էր, հենց այս մեխանիզմն էլ գործեց։

XS
SM
MD
LG