Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բաց, անկեղծ ու դրական է գնահատում երեկ ՀԱՊԿ գագաթաժողովում տեղի ունեցած քննարկումները։
Այսօր կառավարության նիստում ընդգծելով, որ թեև չի հաջողվել համաձայնության գալ երկու կարևոր փաստաթղթերի վերաբերյալ՝ գործադիրի ղեկավարը տեղեկացրեց՝ դրանք ուղարկվել են լրամշակման՝ հույս հայտնելով, որ կկարողանան գալ ընդհանուր հայտարարի։
«Չնայած այս հանգամանքին, որ ՀԱՊԿ խորհրդի հռչակագիրը չընդունվեց, այսինքն՝ մենք չստորագրեցինք հռչակագիրը և սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց՝ էլի մեր չստորագրելու պատճառով, բայց էլի եմ ասում, ընդհանուր առմամբ դրական եմ համարում քննարկումը, դրական եմ համարում նաև ՌԴ-ի հետ երկկողմ ֆորմատում ունեցած բանակցությունները և հույս ունեմ, որ այն պայմանավորվածությունները, որոնք արձանագրվեցին, դրանք հնարավորինս արագ կիրականացնենք», - ասաց Փաշինյանը։
ՀԱՊԿ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների երեկվա նիստում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի որոշումը Հայաստանին օգնելու վերաբերյալ ընդհանուր առմամբ համաձայնեցվել է։
Ավելի ուշ ընդլայնված նիստում ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից ընդունող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պարզաբանել էր, որ հայկական կողմը ստորագրվելիք փաստաթղթում լրացում էր առաջարկել, բայց որոշել են հետաձգել այդ հարցի քննարկումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Քաղաքական գնահատականի բացակայության պատճառով» Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ փաստաթուղթը