Խորհրդարանական ընդդիմությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով Ազգային ժողովը պետք է հայտարարի, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արցախահայերի իրավունքների և անվտանգության ապահովման կարևոր գործոն համարելով ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը՝ առանց սահմանափակումների։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ծավալուն հայտարարության նախագիծը մշակել են ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի այս ամիս արված հայտարարության՝ նշելով, որ Միլի Մեջլիսն արդարացրել է 44-օրյա պատերազմի ռազմական հանցագործությունները և հանդես եկել Հայաստանի ու Արցախի դեմ նոր սպառնալիքներով։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իրենց հայտարարության նախագիծը որևէ ներքաղաքական հարցադրում չի պարունակում, հետևաբար իշխող մեծամասնությունը իրենց հայտարարությանը անվերապահորեն պետք է միանա։
«Հակառակ դեպքում ևս մեկ անգամ մենք պետք է փաստենք, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը պատրաստ չի սեփական երկրի, սեփական ժողովրդի նվազագույն իրավունքները պաշտպանել», - ասաց Մինասյանը:
Արդյոք իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հետ նախապես քննարկե՞լ են հայտարարության տեքստը, մասնավորապես, Արցախին վերաբերող կետը։ Արծվիկ Մինասյանն ասաց, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2018-ից հետո բազմիցս իր հայտարարություններով ամրագրել է Արցախի ինքնորոշման փաստը, հետևաբար հարցը նախապես քննարկելու իմաստ չեն տեսել։
«Մենք նախապես իրենց հետ չենք քննարկել, որովհետև ենթադրում ենք, որ սա այն հարցը չէ, որ պետք է նստել նախապես քննարկել, առավել ևս երբ որ խոսում ենք այն հիմնարար փաստաթղթերի մասին, որոնք ամրագրված են նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակում արդեն իսկ հայտարարված մոտեցումներին համապատասխան, երբ որ ազգերի ինքնորոշման իրավունքը ճանաչվել ու պաշտպանվում է: Հիմա մեր խնդիրը, որ Հայաստանն անպայման պետք է այս հիմնարար իրավունքը, սկզբունքը առաջ մղի: Եթե իշխանությունը փորձի խուսափել, ես կարծում եմ, մեր քաղաքացիները, մեր ժողովուրդը պետք է գնահատական տա արդեն: Թեև որպես ընդդիմություն մենք գնահատում ենք իրենց արարքները՝ առերևույթ պետական դավաճանության շրջանակներում, բայց նաև մեր ժողովուրդը պետք է արդեն գնահատական տա, թե ում հետ գործ ունի», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Բացառելով Արցախի գոյությունը Ադրբեջանի կազմում, ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարության նախագծում նաև շեշտում են, որ Ադրբեջանը պետք է իր զինված ուժերը վերադարձնի մինչև 2021 թվականի մայիսի 12-ը զբաղեցրած բնագծերը, վերադարձնի հայ ռազմագերիներին և զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մարմինները։ Անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը, շեշտելով, որ այն չպետք է լինի ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պայմաններում։ Ընդդիմադիրները նաև անընդունելի են համարում Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրելու մասին Ադրբեջանի պահանջը։
«Չի կարող խաղաղության պայմանագիր, բնականաբար, լինել այսպիսի պայմաններում, երբ ամեն օր Ադրբեջանը կրակում է հայկական բնակավայրերի վրա, քաղաքացիական անձանց վրա, անընդհատ ներխուժման փորձեր է կատարում և անընդհատ ոչնչացման քաղաքականություն է տանում, ուղղակի խաղաղության պայմանագիր.... այսպիսի պայմաններում խոսել դրա մասին առհասարակ կամ փորձել քննարկել, պարզապես աբսուրդ է, չի կարող, օկուպացված պայմաններում ի՞նչ խաղաղություն», - ասաց Մինասյանը:
Շրջանառության մեջ դրված հայտարարության նախագիծը խորհրդարանում ընդունելու համար, ընդդիմադիր ուժերը մտադիր են հաջորդ շաբաթ, հավանաբար, դեկտեմբերի 2 -ին, արտահերթ նիստ հրավիրել։ Ընդդիմությունը հույս ունի, որ իշխանական մեծամասնությունը կներկայանա նիստին և կողմ կքվեարկի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն առաջարկել է Ադրբեջանի հետ խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրելՎարչապետ Փաշինյանն անցած շաբաթ խորհրդարանում հայտարարեց, թե Արցախի հարցը անորոշ ժամանակով հետաձգելու հարցում իշխանությունների դիրքորոշումը նույնական է ընդդիմության և Արցախից հնչող դիրքորոշման հետ և որ Հայաստանը շատ ավելի վաղ է համաձայնություն տվել ռուսական այդ առաջարկին։ Արծվիկ Մինասյանն ասում է՝ իրենց ներկայացրած հայտարարությունը լավ առիթ է, որ Փաշինյանը ցույց տա իր համաձայնությունը ընդդիմության դիրքորոշման հետ։
«Այսօրվա մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը չիմանալով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել», - հայտարարել է վարչապետը:
«Սա լավ առիթ է, որպեսզի իրենք հայտնեն այդ դիրքորոշման համաձայնությունը, հրաշք առիթ է, հենց սա այն դիրքորոշումն է, որը ընդդիմությունը առաջ է տանում և արդեն տևական ժամանակ է առանց իրար վիրավորելու, առանց իրար գլուխ կոտրելու մենք առաջարկում ենք, եթե իրենք համաձայն են, խնդրեմ, թող միանան և Ազգային ժողովն ընդունի այս հայտարարությունը», - ընդգծեց Մինասյանը:
Առայժմ պարզ չէ, արդյոք իշխող մեծամասնությունը կներկայանա արտահերթ նիստին, թե հերթական անգամ կտապալի այն։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից դեռ չեն արձագանքում ընդդիմության հայտարարության նախագծին՝ պատճառաբանելով, թե դեռ չեն ծանոթացել փաստաթղթի բովանդակությանը։