Մատչելիության հղումներ

Ֆրանսիան փորձում է ոչ միայն չզիջել դիրքերը Կովկասում, այլև ամրապնդել դրանք. Հակոբ Բադալյան


Արխիվ
Արխիվ

Հայաստանի խորհրդարանի իշխանությունն ու ընդդիմությունը ողջունել են Ֆրանսիայի Սենատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող ու Բաքվի զայրույթը հարուցած բանաձևի ընդունումը։ Պաշտոնական Երևանից մինչև այս պահն արձագանք չկա։ Առաջարկը հնչեցրեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, իշխանական խմբակցությունից ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց՝ միանում են։

«Մենք ողջունում ենք Սենատի կողմից այն գնահատականները, որ տրվել են, և շնորհակալություն ենք հայտնում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի և հատկապես Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքից անհապաղ ադրբեջանական օկուպացիոն զինված ուժերը դուրս բերելու ուղղությամբ», - ասաց Մինասյանը:

Իշխանության միակ ներկայացուցիչը, որ անդրադարձել է ֆրանսիացի օրենսդիրների որոշմանը, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն է։ Նա Թվիթերում շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային արդարությունը պաշտպանելու համար։

Բանաձևը պահանջում է Հայաստանից ու Լաչինի միջանցքից ադրբեջանական ուժերի հետքաշում ելման դիրքեր, հայ ռազմագերիների ազատ արձակում։ Բանաձևն անմիջապես ողջունեց Արցախի արտգործնախարարությունը՝ համարելով կարևոր քայլ Ադրբեջանի ծավալապաշտական ու ռազմատենչ քաղաքականության դեմ։

Բաքվում վրդովված են. Միլի Մեջլիսի նախագահի նախաձեռնությամբ պատրաստվում է ֆրանսիացիներին հակադարձող հայտարարություն։ Ադրբեջանի արտգործնախարարության պնդմամբ՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը «չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանը»։ Պաշտոնական Բաքուն հատուկ ընդգծել է, թե «Ղարաբաղն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված անբաժանելի տարածքն է», իսկ այնտեղ ապրող հայ բնակչության իրավունքներն և անվտանգությունը՝ «Ադրբեջանի ներքին գործը»:

Մի առանձին դատապարտմամբ էլ հանդես է եկել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան՝ ֆրանսիացիների տեսակետը որակելով կողմնակալ ու իրականությունից հեռու։

«Կովկասի ուղղությամբ բազմաբևեռ աշխուժության փուլում Փարիզը դարձյալ բավական հնչեղ քայլ է կատարում՝ իր դիրքերը ամրապնդելու և ցույց տալու, որ ինքը պատրաստ է, ընդհուպ այսպիսի կտրուկ քայլերի, եթե կասկածի տակ հայտնվի իր դերակատարումը և մասնակցությունը այս մեծ խաղին», - ասում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը:

Ֆրանսիան փորձում է նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում պահպանել իր տեղն ու դերը, իսկ այդ պայքարում թիրախային ուղղություններից մեկը Կովկասն է, փորձում է այստեղ ոչ միայն չզիջել դիրքերը, այլև՝ ամրապնդել, Ֆրանսիայի Սենատի բանաձևն այս համատեքստում է դիտարկում քաղաքական վերլուծաբանը։

Ֆրանսիացի օրենսդիրները երեկ իրենց կառավարությանը նաև կոչ արեցին ադրբեջանական զինված ագրեսիան Հայաստանի տարածքում անպատիժ չթողնել՝ բռնագանձելով ադրբեջանցի առաջնորդների ունեցվածքն ու էմբարգո դնել ադրբեջանական նավթի ու գազի ներմուծման վրա։

«Սա ցույց է տալիս Փարիզի տարակարծությունը ԵՄ մյուս դերակատարների հետ»,- գազի ներմուծման էմբարգոյին վերաբերող կետն այսպես է մեկնաբանում Բադալյանը. «Այս կոչը պետք է դիտարկել այն համաձայնագրի ֆոնին, որ Եվրահանձնաժողովի ղեկավարը կնքեց հուլիսին Բաքվում Ալիևի հետ, և որը ենթադրում է մինչև 2027 թվական Եվրամիություն մատակարարվող ադրբեջանական գազի կրկնապատկում, իսկ Ֆրանսիան այս բանաձևով փաստացի հակադրվում է այդ քաղաքականությանը և ընդհուպ դիտարկում այդ հուշագրի փաստացի չեղարկման հնարավորությունը, որովհետև պատժամիջոց նշանակելու է փաստացի չեղարկել այդ հուշագիրը Բաքվի հետ», - նշեց Բադալյանը:

Բանաձևն իրավական պարտադիր ուժ չունի կառավարության համար։ Բայց մեկնաբանը ամենևին չի բացառում, որ որոշ կետերի գործադիրը դրական արձագանքի։ Կարծում է՝ նման բանաձևերը չեն ընդունվում գործադիր իշխանությունից կտրված, կառավարությունները կուլիսային մասնակցություն ունենում են գործընթացին. «Ստեղծվում է գործիքը, ինչպես օրինակ՝ Արցախի անկախության մասին բանաձևերի դեպքում էր, հետո արդեն գործադիր իշխանությունը ընթացիկ քաղաքական ռեժիմում կդիտարկի դրա այս կամ այն աստիճանով կիրառելու ողջախոհությունը կամ պարզապես կպահի դրանք դարակում ավելի հեռահար անհրաժեշտությունների հաշվարկով»:

Ֆրանսիայի սենատը նաև վերահաստատել է երկու տարի առաջ ընդունված բանաձևի ամրագրումը՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտությունը։ Եթե 44-օրյա պատերազմից օրեր անց ընդունված որոշումը պաշտոնական Փարիզը մերժեց, ապա Մակրոնի կառավարությունը մինչև այս պահը չի արձագանքել։ Երեկվա քննարկումների ընթացքում Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչը չի առարկել բանաձևի ընդունմանը, սակայն չի հստակեցրել՝ արդյո՞ք գործադիրը կգնա պատժամիջոցների ճանապարհով։

XS
SM
MD
LG