Քաթարում ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության երրորդ օրվա ամենամեծ սենսացիան C խմբում Սաուդյան Արաբիայի հաղթանակն էր Արգենտինայի նկատմամբ՝ 2-1:
Պարտությունից հետո արգենտինացիների ավագ Լիոնել Մեսսին ասել է, որ «արդարացում չկա»:
Նրա խոսքով՝ «հիմա թիմը պետք է ամեն ինչ անի անհաջողության մասին հնարավորինս արագ մոռանալու և բարձրագույն մակարդակով առաջնությունը շարունակելու համար»:
Նույն C խմբում Լեհաստանի և Մեքսիկայի ընտրանիների հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0, ընդ որում՝ լեհերի ավագ և գերաստղ Ռոբերտ Լևանդովսկին չիրացրեց 11-մետրանոցը:
D խմբում Դանիա-Թունիս հանդիպումը նույնպես 0-0 հաշվով ավարտվեց:
Ապա այդ խմբում Ալ Վաքր ավանի «Ալ Ջանուբ» մարզադաշտում տեղի ունեցավ Ֆրանսիա-Ավստրալիա հանդիպումը:
Երբ ավստրալացի Քրեյգ Գուդվինն 9-րդ րոպեին գեղեցիկ գոլ խփեց, թվում էր, որ գուցե տեղի կունենա օրվա երկրորդ սենսացիան՝ աշխարհի գործող չեմպիոնները կպարտվեն միջազգային շատ բարձր համարում չունեցող թիմին:
Բայց Ադրիեն Ռաբիոն 27-րդ րոպեին, Օլիվիե Ժիրուն՝ 32-րդ, Կիլիան Մբապեն՝ 68-րդ և վերստին Ժիրուն՝ 71-րդ րոպեներին գոլեր խփեցին, և հանդիպումն ավարվեց 4-1 հօգուտ ֆրանսիացիների:
Ժիրուն նոյեմբերի 22-ի իր երկու դիպուկ հարվածներով Ֆրանսիայի հավաքականի կազմում խփած գոլերի թիվը հասցրեց Թիերի Անրիի 51 գոլերի ցուցանիշին և առաջիկայում հնարավոր ևս մեկ գոլով կարող է դառնալ լավագույն ռմբարկուն պատմության ընթացքում:
Նոյեմբերի 23-ին F խմբում տեղի կունենան Մարոկկո-Խորվաթիա և Բելգիա-Կանադա հանդիպումները, իսկ E խմբում Գերմանիան կխաղա Ճապոնիայի, և Իսպանիան՝ Կոստա Ռիկայի հետ: