Ռուսաստանում հոգնածություն է Ուկրաինայի հետ պատերազմից

Ռուս - ուկրաինական պատերազմը

«Ազատության» ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով «Մեդուզա» կայքի վերլուծությունը, հաղորդում է, որ Ռուսաստանում նկատվում է «հոգնածություն Ուկրաինայի դեմ պատերազմից»:

Ըստ «Մեդուզա»-ի, այդ են վկայում իշխանության պատվերով անցկացված սոցիոլոգիական փակ հարցումների արդյունքները:

«Մեդուզա»-ին այդ տեղեկությունները փոխանցել են Կրեմլին մոտ կանգնած անանուն աղբյուրները, որոնց համաձայն՝ «պատասխանները վկայում են, որ ռուսաստանցիները լավատեսորեն չեն տրամադրված թե՛ իրենց և թե՛ երկրի ապագայի հանդեպ»:

Կրեմլի պատվերով անցկացված փակ հարցումների արդյունքները հիմնականում համընկնում են բաց հարցումների արդյունքների հետ:

Russian Field անկախ սոցիոլոգիական ընկերությունը հոկտեմբերին անցկացրել է հարցում, որի արդյունքների համաձայն՝ հարցվածների միայն 19 տոկոսն է ակնկալում, որ կյանքը կբարելավվի, իսկ 57 տոկոսը խոստովանել է, որ «պատերազմի մասին նորությունները հոգնեցնում են»:

Հուլիսի վերջին այդպիսի պատասխան էր տվել հարցվածների մոտ 40 տոկոսը:

Ուկրաինացիների հաջող հակագրոհներից հետո Ռուսաստանում որոշ չափով նվազել է պատերազմը շարունակելու կողմնակիցների թիվը:

Այնուամենայնիվ, հոկտեմբերին այն բարձր էր՝ 68 տոկոսը պնդել է, որ պատերազմն անհրաժեշտ է շարունակել և հասցնել հաղթական ավարտին, իսկ 22 տոկոսը կարծիք է հայտնել, որ պատերազմը պետք է ավարտել:

Անկախ փորձագետները նշում են նաև, որ պատերազմին ընդդիմացողների իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ այսօր Ռուսաստանում առկա լարված մթնոլորտում և վախի պայմաններում մեծ թվով հարցվածներ կարող են անկեղծ չպատասխանել հարցերին: