Մատչելիության հղումներ

Ռուսաստանը չի հրավիրվի գալիք փետրվարին կայանալիք Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովին


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն այսօր հերքել է Կիևի հետ համաձայնագրերի նախագծերի փոխանցումը Պուտինին Մեծ քսանյակի գագաթնաժողովից առաջ։

«Ուկրաինսկայա պրավդան» ավելի վաղ հայտնել էր, որ նման նախագիծ գագաթնաժողովից առաջ Պուտինին է փոխանցվել միջնորդ երկրի կողմից։ Թերթը չի նշում, թե որ երկիրն է փոխանցել։ Միևնույն ժամանակ, Մեծ քսանյակին ուղղած իր հեռավար ելույթում նախագահ Զելենսկին ներկայացրել էր «խաղաղության ուկրաինական բանաձևը», որում նշված էր, որ ռուսական ուժերը պետք է դուրս գան Ուկրաինայի տարածքից։

Թերթը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, որոշ մանրամասներ է հայտնում։ Այսպես, նախագծի շրջանակներում առաջարկվել է Ուկրաինային վերադարձնել վերահսկողությունը երկրի հարավի և Դոնբասի նկատմամբ, իսկ Ղրիմի հարցը «փակագծերից դուրս» դնել և յոթ տարով դադարեցնել դրա շուրջ բանակցությունները։ Առաջարկվել է նաև սառեցնել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը։

Ու մինչ դեռ չի հաջողվում Կիևին ու Մոսկվային նստեցնել բանակցային սեղանի շուրջ, ռազմական գործողությունները Ուկրաինայի տարածքում շարունակվում են։ Արևմուտքն էլ հայտարարում է, թե Կիևն է որոշելու է, թե երբ է պետք վերսկսել բանակցությունները։

Մինչ այդ, Ռուսաստանը չի հրավիրվի հաջորդ փետրվարին կայանալիք Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովին, հայտարարել է համաժողովի նախագահ, գերմանացի դիվանագետ Քրիստոֆ Հոյսգենը։

«Ռուս պաշտոնյաները հրավիրված չեն 2023 թվականի համաժողովին: Մենք նրանց քարոզչության հարթակ չենք տրամադրի: Մենք ցանկանում ենք Ռուսաստանի ապագան քննարկել ռուս ընդդիմադիր առաջնորդների և վտարանդիների հետ: Նրանց ձայնը պետք է լսելի լինի և ուժեղանա», - գրել է Հոյսգենը Twitter-ի իր էջում։

Մյունխենի համաժողովը միջազգային անվտանգության ոլորտում ամենահեղինակավոր միջոցառումներից է, որին մասնակցում են տասնյակ երկրների ղեկավարներ։

ՆԱՏՕ֊ի խորհրդարանական վեհաժողովն էլ երեկ երեկոյան բանաձև է ընդունել, որում Ռուսաստանը հռչակվել է ահաբեկչական պետություն։ Բանաձևն իրավական ուժ չունի, այն պարզապես կոչ է անդամ պետությունների կառավարություններին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել որպես ահաբեկչական պետություն և ստեղծել Ուկրաինայում ռուսական ուժերի ռազմական հանցագործությունները հետաքննող միջազգային տրիբունալ։

Չնայած օրեցօր խորացող միջազգային մեկուսացմանը, Մոսկվան Ուկրաինայի դեմ պատերազմը չի դադարեցնում, հակառակը՝ նոր հարձակման փորձեր է ձեռնարկում Դոնեցկի և Լուգանսկի մարզերում, որտեղ այս օրերին կատաղի մարտեր են ընթանում:

Ռուսական հարվածների թիրախում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ Միլիոնավոր մարդիկ պարբերաբար զրկվում են էլեկտրականությունից, ինչն է'լ ավելի վտանգավոր կդարձնի իրավիճակն առաջիկա ձմռանը, ասել է երեկ Կիև այցելած Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն. - «Կործանարար էներգետիկ ճգնաժամը, հոգեկան առողջության վատթարացումը և վիրուսային վարակների վտանգը այս ձմեռը կդառնան իսկական փորձություն Ուկրաինայի առողջապահական համակարգի և ուկրաինացի ժողովրդի համար»։

Ռազմական փորձագետները շեշտում են, թե խաղաղ բնակավայրերի և ենթակառուցվածքների թիրախավորումը ռուսական բանակի ձախողումների հետևանքն է։

Այս օրերին ուկրաինական ուժերը շարունակում են հակահարձակման փորձերը երկրի հարավում ՝ Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում։

Տելեգրամ ալիքներում լուրեր են տարածվում բռնակցված Ղրիմի հյուսիսում բնակչության տարհանման մասին: Խերսոնի մարզին սահմանակից Ղրիմի ռուսական վարչակազմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը, սակայն, հերքել է այդ տեղեկությունները. - «Սոցիալական ցանցերում և Տելեգրամ ալիքներում տարածվող տեղեկությունը Արմյանսկից ենթադրյալ տարհանման մասին ֆեյք է, նման բան չկա»։

Ակսյոնովը պնդել է, թե պարզապես միջոցներ են ձեռնարկվում Ղրիմի բնակիչների անվտանգության համար։ Թե ինչ միջոցների մասին է խոսքը, թերակղզու ռուսական իշխանությունները չեն մանրամասնում, բայց հորդորում են բնակչության հետևել միայն պաշտոնական լրահոսին։

Անհանգիստ է նաև հենց Ռուսաստանի տարածքում։ Բելգորոդի շրջանի իշխանությունները հայտնում են հրետակոծության հետևանքով տեղի բնակչի մահվան մասին։

XS
SM
MD
LG